Հասարակական

Տնտեսվարողները դժգոհում են ծխելը սահմանափակող օրենքից. Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե ինչ տարբերակ է քննարկվում

5 րոպեի ընթերցում

Տնտեսվարողները դժգոհում են ծխելը սահմանափակող օրենքից. Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե ինչ տարբերակ է քննարկվում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընդդիմության նախաձեռնությամբ աշխատանքային քննարկում է կազմակերպել հանրային սննդի օբյեկտներում ծխելու սահմանափակող օրենքի առնչությամբ, տնտեսավարողները, մասնագետները, ըստ էության, դեմ չեն հակածխախոտային քաղաքականությանը, սակայն օրենքում խնդիրներ են տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքային քննարկմանը «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ 2 տարի սպասել են օրենքի ուժի մեջ մտնելուն: Սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրենց՝ տնտեսական առումով վատ կանխատեսումներն ի կատար են ածվել: «Օրենքի բոլոր անկատարությունները և թերությունները հիմա մեզ պարզ երևում են: Օրենքը պարունակում է կետեր և դրույթներ, որոնք պարզապես անիրագործելի են: Տնտեսավարողը դրվել է ի սկզբանե մեղավորի դիրքում: Այսինքն՝ օրենքն իրականացնելու ճանապարհին չկա գործիքակազմ, որ տնտեսավարողը կարողանա այդ օրենքը կատարի»,-ասաց նա:

«Իրազեկ և պաշտպանված սպառող»ՀԿ նախագահԲաբկեն Պիպոյանն էլ նկատեց. «Երբ բոլոր դռները փակում ես, մարդիկ ոչ թե մտածում են, թե ինչպես համարվել այդ վիճակին, այլ, թե ինչ անեն օրենքը շրջանցելու ճանապարհներ գտնելու համար»:

Պիպոյանի խոսքով՝ այն օբյեկտներում, որտեղ օրենքը խախտվում է, մեծ ակտիվություն կա, իսկ այնտեղ, որտեղ օրենքը պահվում է, պասիվություն կա: «Այո, այն մարդը, որը երեխայի հետ գնացել է սրճարան, ստիպված կողքի սեղանների մարդկանց խնդրել, որ երեխայի մոտ չծխեն, այսօր կուրախանա, որ կա տեղ, որտեղ չեն ծխում: Եվ ոչ ոք չի ասում, որ մենք որպես պետություն հակածխախոտային օրենսդրության կարիք չունենք. այո, ունենք , և այս կարգավորումներն էլ իրենց շահառուներն ունեն: Խնդիրը նրանում է, որ պետք է կարողանանք այս ամենն անել ավելի մտածված ու ավելի ճիշտ»,-ասաց Պիպոյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հավելեց՝ չի կարծում, թե որևէ մի հասարակություն դեմ կարող է լինել հակածխախոտային քաղաքականությանը, սակայն ուժի մեջ մտած ռեֆորմի մեջ ինքը խնդիրներ է տեսնում: «Նաև միջազգային փորձն է գալիս հուշելու, որ մասնագիտացված ակումբներ բոլոր քաղաքներում էլ կան՝ թե նարգիլեի, թե սիգարի մասով, որը տեղավորվում է հակածխախոտային քաղաքականության տրամաբանության մեջ՝ պասիվ ծխելը բացառելու իմաստով: Բայց մյուս կողմից դա ազատ արտահայտվելու իրավունք է՝ նույնիսկ ինչ-որ իմաստով ի հաշիվ առողջության»,-ասաց Վարդևանյանը:

Ըստ պատգամավորի՝ ներկայում, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական մարտահրավերների պայմաններում, պետք է մտածել, թե ինչ անել հանրային սննդի օբյեկտների ոլորտն ավելի խթանելու, աջակցելու համար:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը կարևորեց ներդրողների համար կանխատեսելիության ապահովումը: «Քանի որ օրենքն ընդունված է, դրույթները մտել են ուժի մեջ, առնվազն այս փուլում օրենքը պետք է թողնել անփոփոխ: Շատ տնտեսավարողներ արդեն համապատասխանեցրել են իրենց գործունեությունը օրենքի շրջանակներին»,-ասաց նա:

Անդրադառնալով բացասական կարծիքներին՝ փոխնախարարն ասաց, որ իրենք էլ ունենք շատ դրական կարծիքներ ռեստորանների, ակումբների հաճախորդների, նաև տնտեսավարողների կողմից:

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ փակ տարածքներում չծխելու մասով կա կոնսենսուս: «Այսինքն՝ որևէ մեկը չի պնդում, որ փակ տարածքներում մարդիկ սկսեն ծխել»,-ասաց նա՝ հավելելով որ, սակայն, կարելի է քննարկել, թե որը համարել հանրային սննդի օբյեկտ, որը՝ ոչ:

Պատգամավորը հայտնեց, որ հիմա քննարկում են լիցենզավորվող գործունեություն սահմանելու տարբերակը, որի առաջարկը եղել է նարգիլե ակումբների ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում: Նա վստահեցրեց, որ այդ մասին քննարկումներ կան: «Կա նաև մեկ այլ բլոկ՝ առողջապահական թևը, որը ավելի կարևոր է: Եվ երբեմն, երբ մենք շատ ենք սկսում միայն տնտեսական հարցերի վրա ուշադրություն դարձնել, ստացվում է, որ առողջապահությունն ենք մոռացել և հակառակը»,-ասաց Թունյանը՝ վստահեցնելով, որ լուծման տարբերակի դեպքում կլսեն տնտեսավարողների կարծիքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում