Մայիսին անցկացվելու է «Շիրակի էսքիզներ» 10-րդ հոբելյանական պարային հանրապետական մրցույթ-փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի մայիսին անցկացվելու է «Շիրակի էսքիզներ» 10-րդ հոբելյանական պարային հանրապետական մրցույթ-փառատոնը։ Մինչ «Շիրակի էսքիզներ» հոբելյանական 10-րդ մրցույթ-փառատոնի չափորոշիչների ու հայտագրման մանամասները ներկայացնելը, փառատոնի նախորդ բոլոր շրջանների ժյուրիի նախագահները Գյումրիում էին, որտեղ շրջայցից հետո տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ փառատոնի նոր կանոնակարգի, չափորոշիչների ձեւակերպման ու անվանակարգերի դասակարգման շուրջ:

Փառատոնի ղեկավար Լիլիթ Թովմասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ չբացառեց, որ այս անգամ կլինի ոչ միայն փառատոնի անցկացման կանոնակարգի որոշ կետերի, այնպես էլ մրցույթի գնահատման վերանայում, այլև հստակեցվելու են տարիքային շեմերը, կլինեն նոր անվանակարգեր՝ հիմքում պահելով ազգային պարերի հանրայնացումը։

««Շիրակի էսքիզներ» պարային հանրապետական մրցույթ-փառատոնի ստեղծագործական կազմը մեծ հանդիսավորությամբ պատրաստվում է հոբելյանական 10-րդ փառատոնին։ Այս ամբողջ տարիների ընթացքում մրցույթ-փառատոնն իր կայացման ճանապարհն անցել է հանրապետության՝ պարարվեստի ոլորտի բազմագիտակ, փորձառու ու ճանաչված բալետմայստերների հետ։ Նաեւ նրանց հետ համագործակցության արդյունքում է, որ փառատոնը դարձել է սպասված ու փնտրված հարթակ՝ հանրապետության պարային խմբերի ու ոլորտի ստեղծագործողների համար։ Հոբելյանական 10-րդ փառատոնին ընդառաջ՝ եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում նրանց՝ մեր կողքին գտնվելու եւ փառատոնի կայացմանը նպաստելու համար»,- նշեց Լիլիթ Թովմասյանը:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский