2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պատանի հանդիսատեսի թատրոնը որոշել է «Ի՞նչ է թատրոնը» հարցին պատասխանել յուրահատուկ՝ «Թատրոնը...» ֆոտոնախագծով՝ այն նվիրելով Թատրոնի համաշխարհային օրվան, որը նշվում է մարտի 27-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լուսանկարիչ Արվին Քոչարյանը փորձել է շեշտը դնել դերասանների հույզերի վրա:
«Սա փոքրիկ նախագիծ է, որն իրականացրինք թատրոնի արդեն իսկ լավ ընկեր, գործընկեր Արվին Քոչարյանի հետ: Նրա հետ համագործակցում ենք ավելի քան 3 տարի: Կարծում եմ՝ Թատրոնի միջազգային օրն այս ֆոտոնախագիծը մեր հանրությանը ևս մեկ անգամ կհիշեցնի թատրոնի դերի և կարևորության մասին, իսկ Պատանի հանդիսատեսի թատրոնն առավել ակտիվ կլինի սոցիալական հարթակներում»-նշում է թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը:
Թատրոնի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1961 թվականին Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:
Համաձայն կանոնադրության՝ այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանը, ինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը: