ՀՀ ԱԳՆ-ն ակնկալում է, որ ՌԴ խաղաղապահներն Ադրբեջանի զորքերը անհապաղ ելման դիրքեր վերադարձնելու միջոցներ կձեռնարկեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գիծը խախտելու և Արցախի Փառուխ գյուղ ներխուժելու առնչությամբ՝ ակնկալելով, որ ՌԴ խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Այսօր ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։

Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։

Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը։

Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին:

Հայերեն العربية Français Русский

Քննարկվում է դպրոցներում անվտանգային անցակետեր տեղադրելու հարցը

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

Գազայում շուրջ 40 մարդ է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով

Հայաստանը Ղազախստանին է հանձնել սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձին

Կառավարությունը կկարողանա ռազմական նշանակության արտադրանքն օգտագործել ռազմարդյունաբերության զարգացման նպատակով

Կառավարությունը Քաղաքաշինության կոմիտեին կհատկացնի 67,5 մլն դրամ ԵՄ-ի 7 նորմերի տեղայնացման համար

Զելենսկին Էրդողանի հետ հանդիպումից հետո կորոշի ՌԴ-ի հետ բանակցություններին առնչվող հետագա քայլերը. AFP

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դաշնակահար Յուջա Վանգի մասնակցությամբ շքեղ համերգով տոնեց 100-ամյակը

Որևէ մեկն իրավունք չունի ուսուցչի հետ նման կերպ վարվել. փոխնախարարը` Մերձավանի դպրոցի դեպքի մասին

ԱՄՆ-ն ցանկանում է մոտ օրերին առաջընթաց տեսնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության լուծման հարցում. Ռուբիո