ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունը սեփական խախտումները կոծկելու հերթական փորձ է համարում Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի 12֊ի լույս 13֊ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱՀ ՊՆ «Ֆեյսբուք»-ի էջից։
«Մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12֊ի լույս 13֊ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում»,- հայտնում են ԱՀ ՊՆ-ից և շեշտում. «Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է»։