Հասարակական

Հայաստանի միգրացիոն ծառայությունը Ուկրաինայից որևէ քաղաքացուց ապաստան հայցելու դիմում չի ստացել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի միգրացիոն ծառայությունը Ուկրաինայից որևէ քաղաքացուց ապաստան հայցելու դիմում չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված Հայաստանի միգրացիոն ծառայությունը, մարտի 2-ի դրությամբ Ուկրաինայից որևէ քաղաքացուց ապաստան հայցելու դիմում չի ստացել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:

«Այս պահի դրությամբ ծառայությունը թե ՌԴ, թե Ուկրաինայի քաղաքացիներից դիմում չունի: Ապաստանի հայցի հետ կապված զանգեր, նամակներ նույնպես չունենք: Մեր ծառայության իրավասությունների ոլորտում է գտնվում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի հայցերի քննարկումը, ապաստանի տրամադրումը: Ըստ այդմ, եթե մենք կունենանք օտարերկրյա քաղաքացիներ, որոնք կդիմեն այդ հայցով ծառայությանը, ապա պատշաճ ձևով կքննարկենք և համապատասխան որոշում կկայացնենք» ,-ասաց Իրինա Դավթյանը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանել են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով: Ռազմական գործողություններով պայմանավորված օրեց օր ավելանում է Ուկրաինայից այլ երկրներ մեկնող քաղաքացիների թիվը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններով պայմանավորված մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում