ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա շուրջ 50 օրվա կտրվածքով 17.7 տոկոսով ավելի շատ հարկեր են վճարվել, քանի նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է հարցին՝ հնարավո՞ր է կառավարությունը տարվա ընթացքում պետբյուջեի նախագծի հիմքում դրված 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսման վերանայում իրականացնի և թե կառավարությունն ի՞նչ քայլեր պետք է իրականացնի՝ երաշխավորելու այդ աճը:
Տնտեսական աճի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ փորձել են հասկանալ, թե արդյոք հարկային եկամուտների կանխատեսված ցուցանիշների նկատմամբ գտնվո՞ւմ ենք հուսալի միջակայքում, թե ոչ:
«Արձանագրեցինք, որ 17.7 տոկոսով ավելի շատ հարկեր են վճարվել այս տարի, քան նախորդ տարի: Եվ դա համահունչ է այն տարեկան աճի ցուցանիշներին, որոնք մենք ունենք 2022-ի համար: Ինչու է կառավարությունը որպես հիմնական մակրոտնտեսական ցուցանիշ, հանրության հետ քննարկումներում առաջ բերում տնտեսական աճի ցուցանիշը, մի քանի պատճառներով: Որովհետև առաջին՝ նախ և առաջ տնտեսական աճը վկայում է մեր բնակաչության կողմից ստեղծվող արդյունքի և դրա հաշվին եկամուտների ավելացման մասին»,-ասաց Խաչատրյանը:
Ըստ նախարարի՝ այդ 7 տոկոս տնտեսական նոր արժեքը ստեղծվում է հատկապես մասնավոր հատվածում գործող կազմակերպությունների ջանքերի շնորհիվ, որոնք ապրանքներ են արտադրում, արտահանում կամ ծառայություններ են մատուցում:
«Երկրորդ հարցն այն է, թե կառավարությունն ինչ անելիք ունի այդ 7 տոկոս տնտեսական աճը երաշխավորելու կամ դրան նպաստելու ուղղությամբ: Կառավարությունը տնտեսության շատ մեծ չափով խաղացողներից մեկն է: Մենք տարեկան 2 տրիլիոնը գերազանցող ծախսեր ենք կատարում, որոնց մի մասը սոցիալական նշանակության ծախսեր են, մի մասը՝ աշխատավարձային ծախսեր, մի մասը՝ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ծախսեր: Եվ այդ բոլորը միասին նպաստում են, որ տնտեսական ակտիվություն առաջանա»,-ասաց նախարարը:
Խոսելով այնպիսի ծառայությունների մասին, որոնք տնտեսության մեջ նոր արժեք են ստեղծում, օրինակ կառավարության կողմից ճանապարհների, ջրամբարների կառուցում կամ տնտեսական ծրագրերի իրականացում, որոնք պետք է նպաստեն գյուղատնտեսության առանձին հատվածի ավելի արագ զարգացմանը՝ նախարարը կարևորեց այն, թե կառավարությունը որքան արագ է կազմակերպում այդ գնումը, որքան ճիշտ է մասնակիցներին բացատրում իր մտադրությունների մասին, որքան արդյունավետ է համագործակցում գնմանը մասնակից և հաղթած կազմակերպության հետ, որպեսզի աշխատանքը կատարեն ամբողջ ծավալով և ժամանակին:
«Այս բոլոր հարցերում մեր կազմակերպական անելիքները մասնավոր հատվածի հետ ուղիղ նպաստում են, որ այդ նախատեսված աշխատանքները սկսվեն և ավարտվեն ճիշտ ժամանակին: Իսկ մենք նախատեսել ենք օրինակ, որ 2022-ի ընթացքում կապիտալ ծախսեր պետք է կատարենք մոտ 60 տոկոսով ավելի շատ, քան 2021-ին նախատեսված չափն է եղել, և դա արժեքով 350 մլրդ դրամը գերազանցող չափն է՝ ՀՆԱ-ի մոտ 4.5 տոկոսը: Նախորդ տարվա հետ համեմատած՝ դրանք շատ էական փոփոխություններ են՝ դրական իմաստով: Եվ պետք է կարողանանք այնպես կազմակերպել, որ ժամանակի առումով մնանք մեր կողմից նախատեսված սահմաններում: Եվ այդպիսով է նաև, որ մենք պետք է նպաստենք, որ այդ տնտեսական աճը լինի այն չափով, որ չափով, որ նախատեսված է եղել: Եվ ես կարծում եմ, որ այդ բոլոր հարցերում ժամանակին որոշումների կայացումը և դրանց իրականացմանը հետևելը հենց այն անելիքն է, որ կառավարությունը պետք է ունենա իր առջև՝ բնականաբար չսահմանափակվելով միայն դրանով»,-ասաց նախարարը:
Իսկ թե արդյոք 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը տեղի կունենա, թե ոչ՝ Խաչատրյանը հիշեցնում է՝ բազմիցս առիթ են ունեցել ասելու, որ իրենք ուղղակի կանխատեսողներ չեն: «Կառավարությունը ոչ միայն կանխատեսում է, այլ ունի իր ստանձնած պարտավորությունները՝ դա կատարելու համար: Եվ մենք ոչ միայն կանխատեսում ենք, այլ ունենք գործիքակազմ, որով անում ենք ամեն ինչ, որ դա տեղի ունենա»,-ասաց նա:
Նախարարը, սակայն, չի բացառում, որ դա տեղի չունենա՝ հիշեցնելով այն գործոնների մասին, որոնք կախված չեն կառավարությունից, հայաստանյան իրականությամբ:
Ֆինանսների նախարարը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք հնարավո՞ր է կրկին անցում՝ պրոգրեսիվ եկամտային հարկի համակարգին, խոսել պետական պարտքի, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման և այլ հարցերի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում