Life

H2O․ հայկական մշակույթի պահպանման շեշտադրմամբ ցուցադրությունը կշրջագայի ՌԴ-ում, ԱՄՆ-ում և Եվրոպայում

4 րոպեի ընթերցում

H2O․ հայկական մշակույթի պահպանման շեշտադրմամբ ցուցադրությունը կշրջագայի ՌԴ-ում, ԱՄՆ-ում և Եվրոպայում

ՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ H2Օ Emotional Exposition խորագրով ինտերակտիվ ցուցադրությունը՝ համեմված նորաձևության էլեմենտներով: Ցուցադրության հեղինակը Kivera Naynomis հայտնի բրենդի հիմնադիր Արևիկ Սիմոնյանն է։ Գաղափարի հիմքում ոչ թե հագուստի ցուցադրությունն էր, այլ հայկական մշակույթի պահպանման կարեւորության շեշտադրումը: Իրականացմանը անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ «Արունիկ» ֆոնդի հիմնադրիր Արուսյակ Ստեփանյանը:

«Մենք աշխարհին կարող ենք ներկայանալ մեր մշակույթով, մենք ունենք գեղեցիկը տեսնելու ու տարածելու ներուժ։ Հատկապես այս վերջին իրադարձություններից հետո հասկացանք, որ սկզբունքներ, արժեքներ կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։ Գուցե ես 4 տղաների մայր եմ, դրա համար եմ այդպես մտածում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ սա համամարդկային ցավ է»,-ասում է Արևիկ Սիմոնյանը։

Դիզայները Մարզահամերգային համալիրի դահլիճը բաժանել էր 8 սրահների: Յուրաքանչյուրը ներկայացված էր մի խորագրի ներքո՝ «Երկինք», «Ծնունդ», «Մկրտրություն», «Օրհնություն», «Մեղսագործություն», «Ցավ», «Կորոստ», «Դատարկություն»: Ու այնքան պատկերավոր էր այդ ամենը ներկայացված, որ հանդիսատեսը, մուտք գործելով այդ սենյակներ, միանգամից ընկալում էր, թե որ սրահում է:

«Մարդը զգացմունք է, աղոթք է, տարերք է: Մարդը հավատք է: Իսկ Հայի ճանապարհը՝ միասինն է: Ես ուզում եմ, որ այս ցուցադրությունից հանդիսատեսը դուրս գալիս ոչ թե ասի՝ «հետաքրքիր ցուցադրություն էր», այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժևորելու ու մեր ունեցածը գնահատելու գաղափարը»,-ասում է Արևիկը:

Ցուցադրության գաղափարը ծնվել է հետպատերազմյան շրջանում:

«Ես ցանկացել եմ ցույց տալ ոչ թե զուտ պատերազմը, որ մեծ ցավ է, այլ շեշտադրել այն, որ մենք մարդ ենք, որից պատերազմը շատ կարեւոր բաներ է խլում: Մենք ցանկացել ենք ցույց տալ մարդու կյանքի ճանապարհը՝ հիմնավորելով, որ ամեն ինչ կախված է մեր ընտրությունից: Դրա համար մենք պետք է ընտրենք բարին, իսկ դրա կողքին մեր եկեղեցին է, մեր հավատը»,- ասաց Արեւիկ Սիմոնյանը։

Ցուցահանդեսը կրում է H2O խորագիրը․ ջուր, որից կախված է մեր կյանքը: «Պատերազմում՝ արցունք, ուրախանում ենք, ունենում ենք արցունք: Լաց ենք լինում, մեր աչքերից արցունք է գալիս, մեր մկրտության ժամանակ էլ ջուրը կա: Այս հավաքածուն ստեղծելիս մենք փորձում էինք այնպես մատուցել, որ հասկանային գաղափարը: Սա ավելի շատ զգայական ցուցահանդես է, քան հագուստային»,-մանրամասնեց գաղափարի համահեղինակ, «Արունիկ» ֆոնդի հիմնադրիր Արուսյակ Ստեփանյանը:

Ի տարբերություն Kivera Naynomis բրենդի նախորդ ցուցադրությունների, H2O-ի պարագայում հագուստը չէին ցուցադրում մոդելները, դրանք ցուցադրված էին մանեկենների վրա: Եվ ներկայացված նմուշները կրելի զգեստներ չէին, այլ՝ արվեստ ներկայացնող աշխատանքներ։

Թե ինչով է պայմանավորված, որ ցուցադրության զգեստները ներկայացված էին ոչ թե մոդելների, այլ մանեկենների միջոցով, «Արունիկ» մշակույթի զարգացման ֆոնդի հիմնադիրն այսպես պարզաբանեց.«Մտահղացումն այն էր, որ մարդն, ի վերջո, դատարկվում է եւ լքում է իր մարմինը: Բնականաբար, այս գաղափարը ներկայացնելու համար մեզ մարդ արարած հարկավոր չէր»:

Արեւիկ Սիմոնյանը վստահեցնում է, որ այս ցուցադրության առանցքում ոչ թե զուտ հավաքածուն է, այլ մեր հավատքը, աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած հայը: Արուսյակ Ստեփանյանն էլ նշեց, որ կապույտ եւ սպիտակ գույները հատուկ են ընտրված:

Ցուցադրությունը կներկայացվի ՌԴ-ում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում