Հատուկ նախագծեր

Podcast-100 գաղափար. մասնագետն առաջարկում է Արցախում ներդնել անասնակերի արտադրության նոր տեխնոլոգիա

5 րոպեի ընթերցում

Podcast-100 գաղափար. մասնագետն առաջարկում է Արցախում ներդնել անասնակերի արտադրության նոր տեխնոլոգիա

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության էնդեմիկ մանրէների կիրառումը գյուղատնտեսության ոլորտում թույլ կտա լրացնել պատերազմից հետո խոտհարքերի զգալի նվազման հետևանքով առաջացրած խնդիրները՝ հնարավորություն տալով կենդանիների համար ունենալ բնական ճանապարհով ստացած կեր: Նման նոր պրոդուկտի՝ անասնակերի (Սիլոս) փոքրածավալ արտադրության նոր տեխնոլոգիայի մշակման մասին «Արմենպրես-Պոդքաստ»-ում զրուցել ենք «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հաղթող, Արցախի գիտական կենտրոնի մանրէաբանության և կենսատեխնոլոգիաների լաբորատորիաների ղեկավար Արևիկ Իսրաելյանի հետ:

Նա նշեց, որ նախագծի շուրջ հետազոտական աշխատանքները սկսել են իրականացնել դեռևս 3-4 տարի առաջ: Նախագիծը սկզբնական շրջանում ուսումնասիրվել է լաբորատոր պայմաններում: Նախ ուսումնասիրվել են Արցախի Հանրապետության տարածքում կերային հանդակները, և ուսումնասիրության ծրագրի շրջանակներում պարզվել է, որ Արցախի Հանրապետությունում հիմնականում որպես անասնակեր օգտագործվում են 3 տեսակի հումք:

«Իմ գլխավորությամբ մեր թիմը զբաղվում է կաթնաթթվային բակտերիաների ուսումնասիրմամբ: Կային տարբեր կաթնաթթվային բակտերիաներ, որոնք ունեին պրոբիոտիկ հատկություններ և սնունդ փչացնող մանրէների հետ ցուցաբերում էին իրենց առավելագույն ազդեցությունը: Ելնելով դրանից՝ մշակվեց և ստեղծվեց տարբեր մանրէների և խմորասնկի համակցություն, որից հետո այդ երեք տեսակի անասնակերի վրա փորձարկումներ սկսվեցին լաբորատոր պայմաններում»,- ասաց նա:

Արևիկ Իսրաելյանն ասաց, որ 2019-ից պլանավորվել և 2020 թվականին Արցախի Հանրապետության Խնապատ համայնքի տոհմակայանում կատարվել է առաջին փորձը, բայց, ցավոք սրտի, տոհմակայանի առաջին արդյունքները չեն կարողացել ամրագրել պատերազմի պատճառով: Երկրորդ անգամ փորձարկել են 2021 թվականին ու արդյունքները ամփոփել են լաբորատոր պայմաններում:

«Կաթնաթթվային բակտերիաներով անասնակերի ստացման նման մեխանիզմ դեռևս Արցախի և Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում ներդրված չէ, իսկ այսօր աշխարհում զարգացած գյուղատնտեսական երկրները ներդնում են անասնակերերի արտադրության նոր տեխնալոգիաներ՝ մասնավորապես, օգտագործելով կաթնաթթվային բակտերիաները: Այս պարագայում անասնակերերի ստացման ժամանակ կորուստը 30 տոկոսից նվազում է մինչև 5 տոկոս, երկրորդ՝ անասնակերերի կաթնաթթվային բակտերիաներով հարստացումը հանգեցնում է նրան, որ պրոբիոտիկ մանրէները ոչնչացնում են վնասակար միկրոօրգանիզմներին՝ ստանալով անասնակերերի ֆունկցիոնալ սնունդ: Դա տալով կենդանիներին նախ կանխվում է ախտածին մանրէների առաջացումը, երկրորդ՝ մատղաշ անասունների մոտ կայունանում է աղեստամոքսային համակարգը»,- ասաց մասնագետը:

Նա հավելեց, որ կաթնաթթվային բակտերիաները լիովին անվտանգ են, և՛ կենդանիների համար, և՛ սիլոսացումն իրականացնող մարդկանց համար, դրանք չեն պարունակում նիտրատներ, թունավոր նյութեր և հանդիսանում են էկոլոգիապես մաքուր սնունդ:

Կաթնաթթվային բակտերիաները աճեցնելու համար օգտագործվելու են կաթնամթերքի թափոնների վերամաշակված հումքը: Ելնելով այս հանգամանքից՝ նոր անասնակերի գինը կլինի էժան և հասանելի:

Արևիկ Իսրաելյանի փոխանցմամբ այս պահին իրենք պատրաստ են, և արդեն կարող են ծրագիրը ներկայացնել տոհմակայաններին և գյուղատնտեսության նախարարությանը:

«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը երիտասարդական ծրագիր է, որը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության կողմից գիտությամբ զբաղվող երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնելու և նորարարական գաղափարներ առաջարկելու համար: Մրցույթն ունի ավելի քան 20 անվանակարգ, որոնք ներառում են տարբեր ոլորտներ: 2021 թվականին նախարարի հրամանով մրցույթի անցկացման կարգում իրականացվել էփոփոխություն, ըստ որի ծրագրի համար նախատեսված պետական միջոցների շրջանակում հինգ անվանակարգում սահմանվել է մրցանակային գումար՝ յուրաքանչյուրին 500.000-ական դրամ:

Շարքի հեղինակ՝Գայանե Գաբոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում