Տնտեսություն

Հայաստանը և Վրաստանը սերտացնում են գործակցությունը մաքսային վարչարարության ոլորտում. ՀՀ է ժամանել Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանը և Վրաստանը սերտացնում են գործակցությունը մաքսային վարչարարության ոլորտում. ՀՀ է ժամանել Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան շրջայց են կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին: Ընդգծվել է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը երկու երկրների մաքսային մարմինների առաջնահերթություններից է:

Օրակարգում կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր են: Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան անդրադարձել են համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Նշվել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև՝ միջազգային հարթակներում:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են Հայաստանի ու Վրաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակման գործընթացի կարևորությունը, ուրախությամբ փաստելով, որ համակարգի գործարկումը նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի համակարգերի ինտեգրման անհրաժեշտությանը:

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք այլ ուղղություններ ևս: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել գործուն քայլերը՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում