Հատուկ նախագծեր

Podcast-FinInForm. Շահութահարկից ազատում, շրջհարկի գումարի նվազեցում. ինչ արտոնություններ են գործում բիզնեսի համար

5 րոպեի ընթերցում

Podcast-FinInForm. Շահութահարկից ազատում, շրջհարկի գումարի նվազեցում. ինչ արտոնություններ են գործում բիզնեսի համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բիզնեսը, այդ թվում՝ սկսնակ բիզնեսը, գործելով հարկման հատուկ համակարգում՝ միկրոձեռնարկատիրության դաշտում, ազատվում է հիմնական հարկատեսակներից, իսկ, օրինակ, շահութահարկից ազատված են ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվողները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, առևտրական գործունեություն իրականացնողներն էլ իրավունք ունեն նաև նվազեցնել շրջանառության հարկի գումարը: «Արմենպրես»-ի Պոդքաստ-ՖինԻնՖորմ-ի թողարկման շրջանակում Հայաստանում գործող հարկման համակարգերի, բիզնեսի համար գործող հարկային արտոնությունների մասին պատմել է ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը:

Հայաստանում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր: Ընդհանուր համակարգի շրջանակներում տնտեսավարողները հարկվում են ավելացված արժեքի հարկով և շահութահարկով: Իսկ հարկման հատուկ համակարգերն են շրջանառության հարկի համակարգը և միկրոձեռնարկատիրության հարկի համակարգը: «Վերջինս առավել արտոնյալ համակարգ է, և այս հատուկ համակարգի շրջանակներում հիմնական հարկատեսակներից տնտեսավարողներն ազատված են: Շրջանառության հարկի շրջանակներում անհատ ձեռնարկատերերը բացի շրջանառության հարկից վճարում են նաև շահութահարկ՝ ուղղակի ավելի ցածր չափով: Հարկվող շահույթի նկատմամբ կիրառվում է ոչ թե 18 տոկոս դրույքաչափ, ինչպես ընդհանուր հարկման համակարգում գործողների մասով, այլ յուրաքանչյուր ամսվա համար ընդամենը 5000 դրամի չափով են շահութահարկ վճարելու տարեկան կտրվածով»,-ասում է Մանուկյանը:

Շահութահարկը հաշվարկվում է 18 տոկոս դրույքաչափով: Իսկ ավելացված արժեքի հարկի դեպքում դրույքաչափը 20 տոկոս է: Սակայն, օրինակ, արտահանման գործարքների մասով կիրառվում է 0 տոկոս դրույքաչափ: Միկրոձեռնարկատիրության համակարգի դեպքում հիմնական պետական հարկերից տնտեսավարողը ազատված է: Իսկ շրջանառության հարկի դեպքում կիրառվում են տարբեր դրույքաչափեր: Օրինակ, արտադրական գործունեություն իրականացնողների համար գործում է 3.5 տոկոս դրույքաչափ, պասիվ եկամուտների մասով՝ 10 տոկոս դրույքաչափ: «Առևտրական գործունեություն իրականացնողների համար շրջանառության հարկի մասով 5 տոկոս դրույքաչափ է սահմանված: Բայց ունենք նաև առանձնահատկություն, առևտրական գործունեություն իրականացնողներն իրավունք ունեն նաև նվազեցնել շրջանառության հարկի գումարը՝ ապրանքների ձեռքբերման ծախսերի 4 տոկոսի չափով, իհարկե, եթե փաստաթղթավորված են ձեռքբերումները: Հարկի նվազագույն չափն այս դեպքում կկազմի 1.5 տոկոս»,-ասում է Մանուկյանը:

Յուրաքանչյուր հատուկ համակարգ ունի իր պարտադիր պայմանները, որոնց բավարարելու պարագայում միայն տնտեսավարողը կկարողանա գործել դրա շրջանակում:

Հայաստանում գործում են հարկային արտոնություններ՝ օրինակ ՏՏ ոլորտի դեպքում: Սկսնակ ստարտափերը կարող են ստանալ շահութահարկի և եկամտային հարկի գծով արտոնություն: Առանձին հարկատեսակների մասով արտոնություններ են գործում որոշ ոլորտների համար: Օրինակ՝ շահութահարկից ազատվում են ձեռագործ գորգերի արտադրության զբաղվողները, իսկ գյուղատնտեսական արտադրանք արտադրողները շահութահարկից ազատված են մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ը: Իսկ սահմանամերձ բնակավայրերում, օրինակ, արտադրական գործունեությամբ զբաղվողներն ազատվում են և շահութահարկից, և շրջանառության հարկից, և ավելացված արժեքի հարկից:

Հայաստանում միկրոձեռնարկատիրության համակարգում կարողանում են գործել մինչև 24 մլն շրջանառության ունեցողները: Նրանք ազատվում են հիմնական հարկատեսակներից: Բայց, օրինակ, պարտավոր են իրենց աշխատողների համար վճարել եկամտային հարկ, սակայն կրկին արտոնյալ պայմաններով: Յուրաքանչյուր աշխատողի համար ընդամենը 5000 դրամով է հաշվարկվում եկամտային հարկը՝ անկախ աշխատավարձի մեծությունից: Միկրոձեռնարկատիրության դաշտում գործողներն ազատված չեն նաև ներմուծման դեպքում վճարվող հարկերից, ակցիզային հարկից, բնապահպանական և ճանապարհային հարկերից:

Միկրոձեռնարկատիրության դաշտում գործելու համար, սակայն կան որոշակի սահմանափակումներ: Օրինակ, Երևանում առևտրական գործունեությամբ զբաղվող տնտեսավարողը չի կարող լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, սակայն Երևանից դուրս առևտրական գործունեությամբ զբաղվողները կարող են, եթե այդ գործունեությունը չեն իրականացնում առևտրի իրականացման վայրերում, տոնավաճառներում: Օրինակ Երևանից դուրս փոքրիկ խանութը կարող է լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Իսկ թե որ ծառայություն մատուցողներն են, որ չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, և ինչ անել, եթե հարկային տարվա ընթացքում միկրոբիզնեսը գերազանցել է 24 մլն դրամի շեմը, առաջարկում ենք լսել պոդքաստը:

Շարքի հեղինակ՝ Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում