Հայաստանում թոքի քաղցկեղ ունեցող 10 անձանցից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է․ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդացությունը աճում է, Հայաստանում ամենալայն տարածում ունի թոքի քաղցկեղը, ընդ որում, հիմնական պատճառ է հանդիսանում ծխելը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։

«Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես չարորակ ուռուցքների դեմ պայքարի միջազգային օր։ Քաղցկեղով հիվանդացությունը աճում է, հիմնական պատճառը մարդկանց կյանքի տևողության երկարացումն է։ Կա թյուր կարծիք, որ քաղցկեղի տարածման հիմնական պատճառը կախված է տեղանքից»,- ասաց Մանուկյանը։

Վերջինս նշեց, որ իրենք պետության հետ համատեղ ջանք չեն խնայում քաղցկեղի տարածումը կանխելու համար։ Տարվա ընթացքում պարբերաբար ուսումնական հաստատություններում իրազեկման աշխատանքներ են տարվում։ Սոցցանցերում պարբերաբար տեղեկատվական հոլովակներ և պաստառներ են տարածվում։

«Փետրվարի 4-ին ամեն տարի ուռուցքաբանական կոնգրեսի օր ենք հայտարարել։ Անցյալ տարի օրվա միջոցառումը անց է կացվել Ծաղկաձորում։ Այս տարի այն անցնելու է ՌԴ-ի Սոչի քաղաքում։ Միջոցառման շրջանակներում բազմաթիվ իրազեկման աշխատանքներ են տարվում։ Լիահույս եմ, որ այս միջոցառումները ավանդական բնույթ կկրեն»,- ավելացրեց Մանուկյանը։

Նա նշեց, որ միջոցառումը նպաստում է միջազգային կապեր հաստատել։ Վստահեցրեց, որ միջոցառմանը ներկա են լինելու ոլորտի գիտակներ և բազմաթիվ կենտրոնների տնօրեններ։ Միջոցառմանը Հայաստանից 200 ուռուցքաբան է մասնակցելու։

«Բժշկական ոլորտում շատ կարևոր է համագործակցությունը այլ երկրների հետ։ Մենք, չլինելով գիտություն գեներացնող երկիր, պետք է այն երկրների հետ սերտ առնչվենք, որտեղ գիտություն է արտադրվում, Իսկ ՌԴ-ն այդ երկրներից մեկն է»,- նշեց կենտրոնի տնօրենը։

Վերջինս նշեց, որ Հայաստանում ճառագայթային և վիրահատական բուժումն ամբողջովին անվճար է, քիմիոթերապիան կատարվում է համավճարի սկզբունքով։ Նա վստահեցրեց, որ Հայաստանում այդ առումով առաջընթաց կա։

Հայաստանում ամենալայն տարածում ունի թոքի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ծխելն է: Թոքի քաղցկեղ ունեցող 10 անձից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է: Ծխելը միաժամանկ առաջացնում է մի քանի՝ թոքի, միզըմպանի, քթըմպանի քաղցկեղ։ Նա ողջունելի համարեց ծխելու հետ կապված սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մտել և կմտնեն։

Մանուկյանը հորդորեց, որ մարդիկ պարբերաբար ստուգումներ անցնեն։ Նա նշեց, որ 40 տարեկանից սկսած մարդիկ պետք է առնվազն տարին մեկ անգամ ստուգումների գնան։ Իսկ եթե նախկինում քաղցկեղ են ունեցել, ստուգումները երեք ամիսը մեկ պետք է կատարվեն։

«Շարժական մամոգրաֆիկ սարք ունենք, որը սկսել է գործել անցյալ տարվանից։ Այն լինելու է Լոռու Տավուշի և Սյունիքի մարզերում։ Այդ շրջանակում մարզերում իրազեկման աշխատանքներ են ընթանում, որպեսզի 50-ից 60 տարեկան կանայք գնան և անվճար հետազոտվեն»,- նշեց կենտրոնի տնօրենը։

Քաղցկեղը կանխելու համար Մանուկյանը խորհուրդ է տալիս առողջ ապրելակերպ վարել, 40 տարեկանից սկսած ժամանակ առ ժամանակ ստուգումներ անցնել։ Նա վստահեցրեց, որ ուռուցքը շուտ հայտնաբերելը գրեթե բոլոր դեպքերում բերում է բուժման։

Մանուկյանը հավելեց, որ առողջապահության նախարարության և կենտրոնի համատեղ ջանքերով ստեղծվել է համակարգ, որը էլեկտրոնային տարբերակով վարելու է քաղցկեղի վիճակագրությունը։ Նա վստահեցրեց՝ հետագայում կունենանք խիստ ճշգրիտ վիճակագրություն։

Կարինե Տերտերյան

Հայերեն

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը