Տնտեսություն

Մաքսային ծառայողի նոր որակ. ՊԵԿ-ը սկսում է դասընթացների շարք

3 րոպեի ընթերցում

Մաքսային ծառայողի նոր որակ. ՊԵԿ-ը սկսում է դասընթացների շարք

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու հավաստագիր և աշխատանքի առաջարկ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:

«Մաքսային ծառայության բարեփոխումները բազմաշերտ են ու մի շարք ուղղություններ են ընդգրկում: Ուղղություններից մեկը մաքսային ծառայությունում կադրեր ներգրավելու նոր համակարգն է: Այս բարեփոխումն իրենից ենթադրում է հատուկ մասնագիտական պատրաստվածություն անցած կադրերի ներգրավման գործընթաց, որը տեղի է ունենալու մի քանի փուլերով: Նախատեսվում է ընդունելությունն իրականացնել թեստավորման, բարեվարքության ստուգման ձևով: Այս փուլերն անցնելուց հետո դիմողները հնարավորություն են ունենալու մասնակցել բուն դասընթացին»,- ասաց Ծովինար Սողոմոնյանը:

Դասընթացն ունենալու է երկու փուլ՝ տեսական ու գործնական: Տեսական մասի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենալու յուրացնել մաքսային գործին առնչվող մասնագիտական գիտելիքներ: Ընդ որում, նախատեսվում է իմացության մակարդակը ստուգել պարբերաբար իրականացվող քննությունների միջոցով: Տեսական մասի բարեհաջող ավարտից հետո նախատեսվում է իրականացնել գործնական պարապմունքներ: Դրանք լինելու են մաքսային գործառույթների իրականացման վարչություններում: Այս փուլն էլ բարեհաջող ավարտելուց հետո, ըստ իրենց հավաքած միավորների, մասնակիցներն ընդգրկվելու են վարկանիշային ցուցակներում:

Դասընթացին մասնակցելու համար ցանկացողները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով: Կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, տիրապետում են հայերենին:

«Արդեն մասնակցության ընթացքում որոշակի այլ պահանջներ ևս հաշվի են առնվելու: Մասնավորապես, հաշվի է առնվելու օտար լեզուների իմացությունը: Դասընթացը բարեհաջող ավարտածները կունենան հավաստագիր, որը կգործի 3 տարի ժամկետով: Հաջորդ փուլում, երբ մենք կգործարկենք մեկ այլ մաքսատան, ստորաբաժանման վերափոխումը, նոր կադրերով համալրելու գործընթացը, տվյալ անձը ստիպված չի լինի անցնել նոր պրոցեսներով»,- ասաց Ծովինար Սողոմոնյանը:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է քաղաքացիներին ակտիվ մասնակցել և ունենալ ներդրում մաքսային ծառայության վերափոխմանը: Փոփոխություններն իրականացվելու են փուլային տարբերակով: Առաջինը փուլը սկսվում է Երևանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում