Պատերազմից հետո Ստեփանակերտի «Թումո»-ն նոր շունչ կստանա

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ամեն բան անելու է Ստեփանակերտի «Թումո»-ում աշխուժությունը կրկին վերադարձնելու ուղղությամբ։ Արցախը երեք նոր «Թումո տուփ» կունենա։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Կենտրոնի տնօրենը պատմեց, որ մինչև պատերազմը Ստեփանակերտի «Թումո» կենտրոնը ուներ մոտ 1000 ուսանող։ Այժմ նրանց թիվը մոտ 600-ի է հասնում։

«Երեք տուփ ենք ավելացնում Մարտակերտում, Ասկերանում և Մարտունիում։ Յուրաքանչյուր «Թումո տուփ» հնարավորություն է տալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովել տարեկան շուրջ 320 պատանու։ Կապ ենք ստեղծում «Թումո տուփ»-ի ու կենտրոնի միջև։ Այդպիսով, հավանաբար մեր առաջվա թվին կհասնենք՝ 1000 ուսանող կամ ավելի»,- նշեց Մարի Լու Փափազյանը։

Վերջինս բացատրեց «Թումո տուփ»-ի` փոքր կամ խտացված «Թումո»-ի գործունեությունը՝ առանձնացնելով, որ ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքում գտնվող տուփում, իսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա «Թումո» կենտրոն կամ միանում են դրանց առցանց. Կենտրոնն ապահովում է «Թումո» հասնելու համար նախատեսված փոխադրամիջոցը։

Փափազյանը նշեց, որ «տուփը» երիտասարդներին, իրենց աշխատանքը կատարելիս, սեփական բնակավայրից չհեռանալու հնարավորություն է տալիս։ Որպեսզի ուսանողներին հեշտ լինի դպրոցից «տուփ» գնալ, դրանք տեղադրվում են ուսումնական հաստատության մոտ։ Նաև մտածում են՝ ինչպես օգտագործել «տուփի» առավելագույն հնարավորությունները ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ, ուսուցիչների վերապատրաստման համար։

«Մեծահասակների համար ևս լինելու են ծրագրեր։ Աշխատում ենք այդ ուղղությամբ, որ Արցախում շաբաթը մեկ-երկու անգամ դասընթացներ անցկացվեն նաև մեծահասակների համար, նույնիսկ լինեն կապեր դրսի համալսարանների և ծրագրերի հետ»,- նշեց Մարի Լու Փափազյանը։

Որպեսզի Ստեփանակերտի «Թումո» կենտրոնի աշխուժությունը վերադառնա կազմակերպում են բաց և անվճար կինոդիտումներ։ Ընդունում են ոչ միայն կենտրոնի ուսանողներին, այլև հյուրերի։

«Ճանաչելով Արցախը, ճանաչելով այնտեղի մեր երիտասարդներին՝ վստահ եմ, որ նախկին ակտիվությունը կվերականգնվի։ Ուսանողներն այնտեղ միշտ շատ ակտիվ և ուժեղ են եղել, հետաքրքրված են եղել «Թումո»-ով։ Վստահ եմ, որ աշխուժությունը կվերականգնվի ու ուսանողների թիվը նախկինի համեմատ նույնիսկ կաճի»,- վստահեցրեց Մարի Լու Փափազյանը։

Կենտրոնի շենքը պատերազմի ընթացքում չի վնասվել։ Աշխատում են էլեկտրականությունն ու ինտերնետն ապահովել։ Մտածում են գեներատոր տեղադրել կենտրոնը մշտական ինտերնետ կապով և լուսավորությամբ ապահովելու համար։ Նա խոսեց նաև իրական կորուստների մասին․

«Ստեփանակերտում ամենամեծ կորուստներն ենք կրել, բայց մենք մեր երիտասարդներին միշտ հիշելու ենք։ Իրենց ներդրումը մեր պաշտպանության գործում մեզ ավելի է մոտիվացնում, վստահ ենք դառնում մեր գործերում։ Ինչքան էլ, որ ցավում ենք, ինչքան էլ, որ մեզ խոցել են կորուստները, այնուամենայնիվ, այն մեզ տալիս է ուժ և վստահություն, որ մենք շարունակենք և ոչ մի վայրկյան հետ չկանգնենք մեր ծրագրերից»,- ընդգծեց նա։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը (Tumo Center for Creative Technologies), 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգիաների ոլորտում։

Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում։ Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում։ Հայաստանից դուրս կա 7 միջազգային կենտրոն Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում, Կիևում և Լիոնում։ Առաջիկայում ծրագրվում է բացել կենտրոններ Կողբում, Մասիսում, իսկ արտերկրում` ԱՄՆ-ում. Գերմանիայի այլ քաղաքներում և Պորտուգալիայում։

2019 թվականին հայտարարվել է Թումոյի նոր մարզային ծրագրի` «Թումո տուփ»-ի մասին։ Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տեղի պատանիների համար։

Առաջին Թումո կենտրոնը բացվել է Երևանում օգոստոսի 14-ին։ Բացման հանդիսավոր արարողությանը համերգով է հանդես եկել System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը։ Երևանյան կենտրոնը նաև հանդիսանում է որպես ընկերության գլխամասը։ Կենտրոնի նախաձեռնությունը Սիմոնյան կրթական հիմնադրամինն ու դրա ղեկավարներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններինն է։

Կարինե Տերտերյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում