«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում մեկնարկել են Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին մասնակցել է «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա պաշտոնական բացման արարողությանը։ Միջոցառումը մեկնարկել է ցուցահանդեսի գլխավոր՝ Ալ Վասլ Պլազա կենտրոնական հրապարակում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ Դուբայում Expo 2020 ցուցահանդեսի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին շնորհակալություն է հայտնել Հայաստանին այս գլոբալ միջոցառմանը մասնակցության համար և ընդգծել, որ այն վկայում է երկու երկրների միջև ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների մասին։

«Նա վստահություն է հայտնել, որ ցուցահանդեսը նոր հաջողություններ և համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի մասնակից երկրների համար, քանի որ հատկապես հիմա այս խոշորագույն ցուցահանդեսը հիանալի հարթակ է միանալու ավելի կայուն ապագա կերտելու գլոբալ քննարկումներին։

Նաջիբ Մոհամմեդ Ալ Ալին իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի նորարարությունների, արհեստական բանականության և մի շարք այլ ոլորտներում՝ մատնանշելով այն մեծ ինտելեկտուալ ռեսուրսը, որ ունի Հայաստանը տեխնոլոգիաների ստեղծման ոլորտում։ Իր խոսքում նա գերազանց է գնահատել Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսում.,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախարար Վահան Քերոբյանը Ազգային օրվա պաշտոնական բացման իր ելույթում կարևորել է աշխարհում գիտության, մշակույթի և տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների և նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։

Վահան Քերոբյանն ընդգծել է Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի գրավչությունները, տնտեսական հետաքրքրությունները, առանձնացրել հատկապես տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։

«Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարևոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման և դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից», - ընդգծել է նախարարը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ պաշտոնական բացման արարողությունից հետո ողջ օրվա ընթացքում կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ։ Մշակութային երեկոն բացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը բազմաթիվ հյուրերի և տարբեր երկրներից ժամանած ցուցահանդեսի այցելուների համար փայլուն ներկայացրել է «Խաչատուրյան ջազ» համերգային ծրագիրը։

Հայկական երաժշտությունը մեծ ոգևորությամբ է ընդունվել բազմազգ հանդիսատեսի կողմից։

Արդեն շուրջ 4 ամիս է, ինչ «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկրի գրավչությունները ցուցահանդեսի հազարավոր այցելուներին և ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու համար․ կազմակերպվում են բազմաթիվ հանդիպումներ պետական կառույցների, մասնավոր ընկերությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, Հայաստանի կողմից պատվիրակված ներկայացուցիչները պարբերաբար հարցազրույցներ են տալիս տարբեր լրատվամիջոցների՝ ներկայացնելով մեր երկիրն ու այն ամենը, ինչ կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին ու բացել նոր համագործակցությունների դռներ:

Հայերեն العربية Français

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին