Հասարակական

Հավերժ փառք հայ զինվորին։ Երբեք սուրը չպետք է դրվի պատյանի մեջ

4 րոպեի ընթերցում

Հավերժ փառք հայ զինվորին։ Երբեք սուրը չպետք է դրվի պատյանի մեջ

ԵՐԵՎԱՆ, 28ՀՈՒՆՎԱՐԻ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայ ժողովրդի հարատեւության գրավականը եղել եւ մնում են հայոց բանակն ու հայ զինվորը, որը պատրաստ է թեկուզ իր կյանքի գնով պաշտպանելու պետության սահմաններն ու հայրենակիցների անվտանգությունը։ Հայկական բանակն իր մարտունակությամբ, իսկ հայ զինվորն իր քաջությամբ աչքի են ընկել բոլոր ժամանակներում։ Անգամ պետականության բացակայության պայմաններում հայը՝ լինի կին, թե տղամարդ, հավատարիմ է եղել զենքին, իսկ եթե դավաճանել է, ապա հատուցել է տարածքային եւ մարդկային կորուստներով։ Սուրը պատյանի մեջ դնելու համար չէ, այն ժանգոտում է չօգտագործելուց, իսկ թշնամին մտածում է, թե տկար ես, եւ հարմար ժամանակն է զոհ մատուցելու։

Այսօր նշում ենք Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոնը՝ հայկական կանոնավոր բանակի կազմավորման 30-րդ հոբելյանը։ 1992-ի հունվարի 28-ին ՀՀ Գերագույն խորհուրդը «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» որոշում ընդունեց: Սա ընդամենը հայոց բանակի ստեղծման իրավական արձանագրումն էր, քանզի Ազգային բանակի վերածնունդը սկսվել էր մեզ պարտադրված պատերազմի՝ Արցախյան հերոսամարտի առաջին օրերից։ Հանուն պատմական արդարության վերականգնման տարվող մարտերը չէին կարող չպսակվել հաղթանակով, մեծ էին հավատն ու նվիրումը հանուն հայրենի հողի ազատագրման։

Հայոց բանակի վերակազմավորումը տեղի է ունեցել մեր անկախ պետականության ամենածանր տարիներին՝ պարտադրված պատերազմի պայմաններում, սակայն կարողացանք պատվով լուծել այդ խնդիրը։ 2001 թվականի հունվարի 6-ին ՀՀ նախագահի ստորագրած «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով այս օրը հաստատվեց որպես Հայաստանի զինված ուժերի տոն։ Ցավոք, արդեն երկրորդ տարին է հունվարի 28-ը նախկին փայլով չենք կարող նշել. արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները չափազանց ծանր են թե՛ հոգեբանական, թե նյութական եւ մարդկային կորուստների առումով։

1988-ից մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Ադրբեջանի վայրագություններից, կրակոցներից, բախումներից բազմաթիվ հայեր են զոհվել, երիտասարդ եւ ոչ այնքան երիտասարդ կյանքեր են ընդհատվել։ Երեք տասնյակ տարիների ընթացքում այսքան մահերի սփոփանքը եղել է այնքան թանկ եւ սպասված հաղթանակը, մեր սուրբ հայրենիքի մի փոքրիկ կտորի ազատագրումը բարբարոս ձեռքերից։ 7000 հազար, հետո էլի մի քանի տասնյակ, հարյուր կամ հատ-հատ, մեկիկ-մեկիկ ընկած հայորդիների մահը հանուն հայրենիքի անվտանգության եւ ապահովության էր, հանուն հայոց պետականության հարատեւման։

Սփոփանքը այն դարմանն է, որն օգնում է չխելագարվել, օգնում է դիմանալ ցավին, կորստի ցավին։ Բայց ամեն ինչ այլ է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո։ Չկա այն հանունը, որի համար ընկան հազարները։ 2020 թ. հոկտեմբերի կեսերն էր, «Տիգրան Մեծ» աշխարհազորի զոհված տղաներից Դավիթ Սարուխանյանի հոգեհանգիստն էր։ Նման դեպքերում բառերը սմքում են, համարժեք խոսքեր չկան վշտից եւ թաքուն արցունքներից ցամաքած ծնողի, հարազատի համար։ «Ցավում եմ» բառերը կոկորդս ճանկռտում էին, չգիտեի ինչ ասել, ինչպես սփոփել Դավիթի հորաքրոջը, սփոփանք չկար, քանի որ նրանք իրենց վշտի հետ մենակ էին մնալու, երբ բոլորս գնայինք մեր գործերով։ Եվ որքան մեծ էր զարմանքս եւ հիացմունքս, երբ սփոփանքի խոսքեր լսեցի իրենից, ասաց. «Միայն թե Դավիթիս եւ մյուս տղաների մահն անիմաստ չանցնի, միայն թե հաղթենք այս պատերազմում»։ Ցավալիորեն մեր զոհված տղաների ծնողներն ու մենք բոլորս արժանի չեղանք այդ սփոփանքին։ Հայրենիքի համար անգամ կյանքը զոհելը մխիթարանք է, երբ վաստակում ես հաղթանակ եւ երաշխավորում սերունդների ապագան հայրենի հողում։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում