Տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական տուգանքի չափը նախատեսվում է ավելացնել

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով նախատեսվում է փոփոխել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը: Մասնավորապես, նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանքը կարող է դառնալ երեսնապատիկից մինչև յոթանասնապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով տուգանքը կարող է դառնալ հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով: Առաջարկն ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացրել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշեց, որ տեղեկություն ստանալու հետ կապված կան մի շարք խնդիրներ՝ հարցումներին տրվում են ոչ լիարժեք պատասխաններ, իսկ եթե տրվում են, ապա բավական ուշացած:

«Մի կողմից բավական մեծ ծավալի խախտումներ ենք արձանագրել այս ուղղությամբ, մյուս կողմից չկա զսպող, կանխող մեխանիզմ, որը հնարավորություն կտա որոշակի բարելավել այս պրակտիկան: Եկանք այն եզրակացության, որ եթե վարչական պատասխանատվության նորմերը պատշաճ կիրառվեն, ապա կարող ենք ունենալ լուրջ կանխող գործառույթ: Մինչև պաշտոնյան անձնապես վնաս չկրի, հետագա խախտումները գործելիս զսպող գործոն չի լինի»,- ասաց Շուշան Դոյդոյանը:

ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել առաջարկին, և այն նախագծի տեսքով դրվել է շրջանառության մեջ:

Նախարարության իրավական ապահովան վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի պետ Մարգարիտա Զալիբեկյանի խոսքով, գործող օրենքով սահմանված տուգանքի չափը գործնականում այդքան էլ չէր ծառայում իր նպատակին:

«Բազմաթիվ են անհարկի մերժումները, թերի պատասխանները, պարզապես պատասխան չտրամադրելը: Շատ քիչ տոկոս են կազմում օրինական մերժումները: Անհրաժեշտ ենք համարում տուգանքի չափի փոփոխությունները: Միևնույն ժամանակ նշեմ, որ այս փոփոխությունների կատարումը բխում է կառավարության դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից»,-ասաց Մարգարիտա Զալիբեկյանը:

Ի՞նչ պատկեր կա տեղեկություն ստանալու իրավունքի խախտման հիմքով դատական գործերի առնչությամբ: Որքանո՞վ է առկա օրենքը, թեկուզ, ցածր տուգանքի չափով, գործում, արդյո՞ք պաշտոնյանները տուգանվել են տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար: Պարզվում է, այս ուղղությամբ դատական գործերը շատ քիչ են:

ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ, վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Անի Միքայելյանի խոսքով, պարզապես շատերը չեն դիմում դատարան:

«Հաշվի առնելով, որ դատարանները ծանրաբեռնված են և գործերը քննվում են շատ երկար, բնականաբար, շատերը պարզապես հրաժարվում են և չեն դիմում դատարան, որովհետև պահանջվող տեղեկությունը կոնկրետ ժամանակի համար է, իսկ 3 տարի ձգվող գործի պարագայում, նույնիսկ եթե տեղեկությունը տրամադրվի, արդեն դրա կարևորությունը կկորի»,- ասաց Անի Միքայելյանը:

Ի հավելումն դատական գործընթացների մասին հարցին՝ Շուշան Դոյդոյանն էլ նշեց, որ դատարանները, գործը երկար ձգվելուց հետո, նույնիսկ եթե բավարարում են տեղեկություն տրամադրելու պահանջը, չեն բավարարում տուգանելու պահանջը: Այսինքն, գործնականում պաշտոնյան չի տուգանվում տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար:

Ստացվում է, մի կողմից տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար դատարան դիմողներն են շատ քիչ, մյուս կողմից, դատարանները հիմնականում չեն բավարարում տուգանելու պահանջը, այդ դեպքում ի՞նչ ակնկալել տուգանքի չափը բարձրացնելուց: Շուշան Դոյդոյանի խոսքով, շատ կարևոր է, որ դատարաններն այս գործերը քննեն արագ, սեղմ ժամկետներում: Դրանից բացի, վարչական պատասխանատվություն սահմանող նորմերը, ըստ նրա, պետք է խրախուսվեն, որ ակտիվ կիրառվեն դատարաններում: Շուշան Դոյդոյանն առաջարկում է նաև ստեղծել արտադատական մեխանիզմներ:

Հայերեն

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել