Հրատարակվել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը
2 րոպեի ընթերցում
![Հրատարակվել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/01/1072219.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրատարակվել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը, որն ամբողջությամբ հուշագրություն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ:
Այն մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխատանք է, որն ուղղված է ոչ միայն աշխարհահռչակ ռեժիսորի կինոլսարանին. գեղարվեստական մտածողության, հեղինակի՝ նուրբ հումորով պատմելու ունակությունների շնորհիվ գիրքը կարող է հետաքրքրել ողջ ընթերցասեր հասարակությանը:
Վերջերս Ամստերդամում անցկացված Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի էր ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան: Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել էր «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել էին մեծ վարպետին և շնորհավորել նրան ստացած մրցանակի առթիվ: