ԱՄՆ կոնգրեսականը խոստանում է ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունների ճշգրիտ փաստագրումը
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ կոնգրեսականը խոստանում է ապահովել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հանցագործությունների ճշգրիտ փաստագրումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1071946.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջերս ստորագրած ազգային պաշտպանությանն առնչվող ակտը ներառում է կարևոր դրույթներ , որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:
«Ակտը, որը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երեկ, ներառում է կարևոր դրույթներ, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն՝ Արցախում իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար։ Ես կձգտեմ ապահովել, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այս հանցագործությունների փաստագրման ժամանակ»,-նշել է Փալոնը:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ռազմական հանցագործություններ է կատարել, այդ թվում՝ կիրառել չթույլատրված զենքեր, դրանք կիրառել է նաև Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: