Մարինա Խաչմանուկյանի տիկնիկների բացառիկ հավաքածուն ներկայացվում է «Հին Նոր տարի» ցուցահանդեսում
2 րոպեի ընթերցում
![Մարինա Խաչմանուկյանի տիկնիկների բացառիկ հավաքածուն ներկայացվում է «Հին Նոր տարի» ցուցահանդեսում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1071298.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորին ընդառաջ Ռուսական արվեստի թանգարանում բացվել է «Հին Նոր տարի» ցուցահանդեսը, որում ներկայացված է Մարինա Խաչմանուկյանի տիկնիկների բացառիկ հավաքածուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը գործում է դեկտեմբերի 18-ից հունվարի 14-ը:
Շրջելով ցուցահանդեսում՝ այցելուները կիմանան, թե իրենց տատիկների և մայրիկների համար որ տիկնիկներն են եղել Սուրբ Ծննդյան և Ամանորի ամենացանկալի նվերները, ո՞ր խաղալիքներով են նրանք զարդարել խորհրդային տոնածառը, և ինչու է եգիպտացորենը դարձել տոնածառի այն միակ խաղալիքը, որը շարունակաբար արտադրվել է խորհրդային իշխանության տարիներին։ Հետաքրքիր կլինի տեսնել հազվագյուտ, վինիլային տիկնիկներ անպիսի աշխարհահռչակ վարպետներից, ինչպիսիք են Մադամ Ալեքսանդրը և Դիանա Էֆները:
Ցուցահանդեսում հաճելի հայտնագործություն է հնաոճ տիկնիկը, որը ավելի քան 100 տարեկան է։ Այն գերմանական «Armand Marseille» գործարանի փոքրիկ ճենապակյա տիկնիկն է։
Խորհրդային տիկնիկներն ու խաղալիքները ներկայացնում են բոլորովին այլ պատմություն՝ ԽՍՀՄ կոչվող երկրի պատմությունը։
«Հին Նոր տարի» ցուցահանդեսը տարիքային սահմանափակում չունի, այն հետաքրքիր է բոլորին՝ և՛ փոքրիկներին, և՛ մեծահասակներին, ում հնարավորություն է տրվում հրաշքով նորից հանդիպել իրենց մանկությանը: