ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը պնդեց` ինքն ունի հեղինակություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանի կարծիքով, ինքը որևէ խնդիր չունի հեղինակություն լինելու հատկանիշի հետ կապված` հաշվի առնելով իր մասնագիտական հետագիծը և գործընկերների հետ անցած ճանապարհը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քրիստինե Գրիգորյանը այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին, ով նշեց, որ ըստ Սահմանադրության, ՄԻՊ պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք. արդյոք թեկնածուն կարծո՞ւմ է, որ ինքը բարձր հեղինակություն է վայելում:

«Ես չեմ պնդում, որ ես ճանաչված եմ, բայց ես պնդում եմ, որ ունեմ հեղինակություն: Կարծում եմ, այս շփոթմունքը և այս խոսույթը գալիս է նրանից, որ հեղինակության կամ նման տեսակ գնահատողական հատկանիշները շատ դժվար է չափել այս ինչ խումբ մարդկանց, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գործադիրի կոլեգաների մոտ` այստեղից է գալիս խնդիրը: Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ ես իզուր չնշեցի Վենետիկի հանձնաժողովի չորս չափորոշիչները` բարոյականություն, բարեվարքություն, մասնագիտական կրթություն և մասնագիտական փորձառություն: Սրանք կուտակվել են «հեղինակություն» տերմինի ներքո»,- ասաց Գրիգորյանը:

Հայերեն