Հասարակական

Սասուն Խաչատրյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատուի հետ

2 րոպեի ընթերցում

Սասուն Խաչատրյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդի և հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատուի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդ Հիզեր Բերգիին և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից, Հիզեր Բերգին շնորհավորել է Սասուն Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ հակակոռուպցիոն ոլորտում ակտիվ համագործակցությունը շարունակում է մնալ ԱՄՆ կառավարության առաջնահերթություններից մեկը, ուստի կարևոր է նորաստեղծ կառույցի հետ համատեղ աշխատանքների ներկա փուլում գործնական քայլերի մեկնարկն ու առաջիկա անելիքների պլանավորումը:

Առաջնահերթ աշխատանքների շրջանակում կողմերը դիտարկել են Հակակոռուպցիոն կոմիտեի արդյունավետ գործունեության համար պահանջվող տեխնիկական հագեցվածության հարցերը, այդ թվում` ԱՄՆ գործընկերների աջակցությամբ հնարավորինս սեղմ ժամկետներում օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների համար ժամանակակից տեխնիկայի ձեռք բերման և դրանց գործարկման համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման հնարավորությունը: Նշվում է, որ հաշվի առնելով հակակոռուպցիոն բնագավառում ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հարուստ փորձը` կարևորվել է նաև այդ կառույցի ներկայացուցիչների օժանդակությամբ քննիչների և օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ծառայողների կարողությունների ու հմտությունների զարգացման նպատակով վերապատրաստման դասընթացների կազմակերպումը:

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք կոռուպցիոն բնույթի գործերի շրջանակում ապօրինի ակտիվների վերադարձին առնչվող միջազգային իրավական փոխօգնության հարցումների ընթացքին:

Կողմերը հույս են հայտնել, որ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ համագործակցային կապերն ընդլայնելուն ուղղված աշխատանքներն ու դրա շրջանակում նախանշված ծրագրերը կիրագործվեն մեծ արդյունավետությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում