Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին նվիրված նամականիշը
4 րոպեի ընթերցում
![Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին նվիրված նամականիշը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/12/1070339.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Հայփոստ»-ը մարեցին և շրջանառության մեջ դրեցին 2020 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին նվիրված նամականիշը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումն անցկացվեց դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:
Մարումն իրականացրին «Հայփոստի» գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Մարում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը նվիրված հինգերորդ նամականիշը: Շատ ուրախ ենք այս տարի Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին նվիրված նամականիշը թողարկելու առթիվ: Հինգ տարի շարունակ «Հայփոստը» նամականիշեր է թողարկում՝ նվիրված «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին և շարունակում նրանց մեծարելու ավանդույթը՝ վերջիններիս աշխարհին ներկայացնելով Հայաստանի միջազգային նամականիշերի միջոցով: «Հայփոստը» հանձնառու է աջակցելու համաշխարհային մարդասիրական շարժմանը, ինչպես նաև աշխարհին ներկայացնելու հայկական մշակույթն ու պատմությունը»,- նշեց Հայկ Կարապետյանը:
Նիկոլա Ստանիշն էլ շեշտեց, որ շատ կցանկանային՝ դափնեկիրները Հայաստանում լինեին, սակայն համավարակը, որը, կարծես թե, վերջնականապես չի նահանջում, խանգարում է:
«Հոկտեմբերին Վենետիկում կարողացանք Ֆարթունին հանդիպել ու նրան հանձնել «Ավրորայի» արձանիկը: Ֆարթունին հաջողվել է սկսել հումանիտար ծրագրեր Կոնգոյում և Սոմալիում»,- շեշտեց Ստանիշը:
Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ աշխարհում քիչ ազգեր կան, որոնք համամարդկային բնույթի մրցանակներ ունեն: «Մեր երկիրը, մեր ժողովուրդը նման միջոցառումներով աշխարհին ասում է, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, որ գնահատում ենք մարդասիրական արժեքները: Սա շատ կարևոր ուղերձ է»,-ասաց նա:
Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 15 000 տպաքանակով: Նամականիշի հեղինակն է «Ավրորա» նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան:
Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը «Հայփոստ»-ը կփոխանցի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը:
Նամականիշի վրա պատկերված են «Ավրորա» մրցանակի հինգերորդ դափնեկիրներ, սոմալացի իրավապաշտպաններ մայր և դուստր Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը, որոնք ղեկավարում են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը՝ հիմնված ի հիշատակ Ֆարթունի ամուսնու և Իլվադի հոր՝ խաղաղության ակտիվիստ Էլման Ալի Ահմեդի, որը սպանվել է 1996 թվականին: Միասին նրանք պայքարում են կանանց իրավունքների պաշտպանության, խաղաղության հաստատման և զարգացման համար: Նրանք ճանաչման են հասել իրենց խիզախության և Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար:
Թողարկման օրը՝ 09 դեկտեմբերի 2021թ.
Դիզայնը՝ Ալլա Մինգալյովայի
Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա
Չափսերը՝ 50, 0 x 50,0 մմ
Մեկ թերթի վրա՝ 6 հ.
Տպաքանակը՝ 15 000 օրինակ: