Հասարակական

Փաշինյանը ներկայացրեց, թե գերիների վերադարձի համար կառավարությունն ինչ աշխատանքներ է կատարում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ներկայացրեց, թե գերիների վերադարձի համար կառավարությունն ինչ աշխատանքներ է կատարում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի համար ՀՀ կառավարությունն ամենօրյա աշխատանք է կատարում, բոլոր բանակցություններում այդ հարցը քննարկվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ քայլեր են արվել ու արվում գերիների վերադարձի համար:

Մինասյանը նշեց նաև, որ նախաձեռնել են քննարկում՝ գերիների թեմայով, պաշտոնապես հրավիրել նաև Փաշինյանին, սակայն նա չի մասնակցել:

«Նախ ասեմ ամենաթարմ օրինակը, երբ մեր կառավարությունը հարցը բարձրացրել է արդարադատության միջազգային դատարանում: Եվ կարծում եմ, որ դատարանը շատ կարևոր արձանագրում է արել: Իհարկե ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց անմիջապես ազատ արձակելու պահանջով հանդես չի եկել միայն մի պատճառով, քանի որ այդտեղ զուտ ռասայական խտրականության արտահայտություն չի տեսել, բայց մյուս կողմից արձանագրել է, որ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված անձինք, միջազգային կանոնների համաձայն, պետք է հայրենադարձվեն: Ինչ վերաբերում է մնացած մասով, ապա մենք ամենօրյա աշխատանք ենք անում՝ դիվանագիտական ճանապարհով, բոլոր բանակցություններով այդ հարցը քննարկվում է, միջոցներ ձեռնարկվում են»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ առաջիկայում բանակցություններ են նախատեսվում՝ նկատի ունենալով դեկտեմբերի 15-ի Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախատեսվող հանդիպումը: Եվ նա, ընդդիմության առաջարկին ի պատասխան, առաջարկեց դեկտեմբերի 15-ից հետո դռնփակ ռեժիմում հանդիպել և բոլոր հարցերը պարզաբանել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում