ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրական նորությունները: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ հեղինակ
Հենրիկ Էդոյան, Հարյուր սոնետ
Ժողովածուն ի մի է բերում սոնետին Հենրիկ Էդոյանի նախորդ անդրադարձները: Սկսած իր առաջին՝ «Անդրադարձումներ» (1977) գրքից, ապա՝ «Պատկեր և կեսօր» (1980) և «Հարյուր սոնետ» (1993) ժողովածուներում բանաստեղծն անընդհատ վերադառնում է համաշխարհային և հայ պոեզիայի սիրելի այս տեսակին, հարստացնում այն բովանդակային նոր գծերով՝ ցույց տալով սոնետի հնարավորությունները, դասականի ու ժամանակակցի ներդաշնակությունն ու բանաստեղծական հայերենի հարստությունը:
Գիրքը լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը։
Թարգմանական գրականություն
Էլենա Ֆերանտե, «Նոր ազգանվան պատմությունը»
Էլենա Ֆերանտեի «Իմ հանճարեղ ընկերուհին» ընթերցողներին է ներկայացրել անմոռանալի Էլենային եւ Լիլային, որոնց հարատեւ ընկերությունը դառնում է հեղինակի նեապոլիտանական վեպերի առանցքը: «Նոր ազգանվան պատմությունը» այս շարքի երկրորդ գիրքն է:
«Նոր ազգանվան պատմության» մեջ Լիլան ամուսնացել է եւ ներգրավվել ընտանեկան բիզնեսում: Միաժամանակ, Էլենան շարունակում է իր ուսումը եւ ուսումնասիրում իրենց հեղձուկ թաղամասից այն կողմ եղած աշխարհը: Սեր, խանդ, ընտանիք, ազատություն, պարտավորություն եւ, առաջին հերթին, ընկերություն. ահա՛ երկու կանանց կենսական պատմությունների նոր շրջանը: Ամուսնական կյանքը, երեւում է, բանտարկել է Լիլային, իսկ Էլենային գերազանցելու ճիգերը երբեմն չափից շատ են իր համար:
Այնուամենայնիվ, այս երկու երիտասարդ կանանց միացնում է խճճված եւ զարգացող կապը, որն առանցքային դեր ունի նրանց հուզական կյանքում եւ օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները:
Թարգմանիչ՝ Ջեննի Ֆիլյան։
Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը։
Մանկապատանեկան գրականություն
Մարկ Տվեն, «Հեքլբերի Ֆիննի արկածները»
Վեպը «Թոմ Սոյերի արկածների» շարունակությունն է: Հեքլբերի Ֆիննը հեռանում է դաժան ու հարբեցող հորից. նրան ուղեկցում է ստրկությունից փախած սևամորթ Ջիմը: Երկուսով լաստով լողում են Միսիսիպիի հոսանքով, որի ընթացքում հանդիպում են բազմաթիվ արկածների: Վեպի վերջնամասում իր տարօրինակ մտահղացումներով հանդես է գալիս Թոմ Սոյերը: Վեպը պատանիներին սովորեցնում է հարգել մարդուն ու նրա արժանապատվությունը՝ անկախ նրա մաշկի գույնից:
Թարգմանությունն անգլերենից՝ Սարգիս Ալեմյանի։
Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:
Փաստավավերագրական գրականություն
Ջեյմս Քլիըր, «Ատոմային սովորություններ»
«Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:
Թարգմանությունը՝ Թամարա Սիմոնյանի։
Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
«Նոր գիրքը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը