Ինչով են պայմանավորված սննդի օբյեկտներում նկատվող թունավորումները. պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում հանրային սննդի տարբեր օբյեկտներում քաղաքացիների թունավորումների դեպքերը որևէ ձևով միմյանց հետ առնչություն չունեն, հումքի մեջ հարուցիչներ չեն հայտնաբերվել, ՍԱՏՄ-ն եզրահանգել է, որ պարզապես չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները, առկա է մարդկային գործոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Ընդհանրացված խնդիր, որպես այդպիսին, չկա: Այսինքն աղբյուրը նույնը չէ: Երկու դեպքում էլ մենք ունեցել ենք երկրորդային վարակման հարց: Երբ ստուգեցինք սնունդը, կիսաֆաբրիկատները, մենք գտանք հարուցիչներ, բայց հումքի մեջ այդ հարուցիները չկային: Այսինքն՝ մենք եկանք այն եզրահանգման, որ, ամենայն հավանականությամբ, սանիտարահիգիենիկ պայմանների խախտման պատճառով է եղել դա»,-ասաց Ավետիսյանը:

Թունավորման դեպքերը որևէ ձևով ընդհանուր կապ չունեն իրար հետ: ՍԱՏՄ-ն ևս մտահոգություն, կասկած է ունեցել, որ Հայաստան է մուտք գործել արդեն իսկ թունավորված թռչնամիս, սակայն այդ կասկածները հերքվել են: Երրորդ երկրներից ներմուծվող թռչնամիսը Հայաստան է ներմուծվում միայն սահմանին լաբորատոր հետազոտություն անցնելուց հետո, սակայն ԵԱՏՄ-ից եկող թռչնամիսը չի անցնում այդ հետազոտությունը սահմանին: Քանի որ ապրանքը տեղաշարժվում է նույն մաքսային տարածքի շրջանակում, զննվում են միայն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը:

«Մենք սկզբում այդ կասկածն ունեինք, դրա համար հետագծելիությամբ մատակարարի և ներմուծված հումքի լաբորատոր հետազոտություն էլ արեցինք, և պարզվեց, որ հումքի մեջ այդ հարուցիչները չկան: Դա մեզ թույլ տվեց եզրակացնել, որ խնդիրը հումքի մեջ չի եղել, խնդիրն ավելի շատ մարդկային գործոնն է եղել: Բոլոր կազմակերպությունները տարբեր թռչնամիս էին օգտագործել»,-ասաց տեսչական մարմնի ղեկավարը:

ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում՝ ըստ պլանի, նաև բողոքների հիման վրա: Ավետիսյանը նշեց, որ անգամ լավագույն համակարգ ունեցող պետություններում թունավորումներ լինում են և լինելու են, քանի որ կա մարդկային գործոն: ՍԱՏՄ-ն տարվա ընթացքում հայտնաբերել է ընդհանուր 18 թունավորման դեպք, որոնցից մի մասի դեպքում եղել է մարդկային գործոնը, մի մասի պատճառն էլ սանիտարահիգիենիկ պայմանների, սննդի հետ սխալ վարվելակերպն է: Ավետիսյանը վստահեցնում է, որ բոլոր տեղերում, որտեղ խնդիրներ էին հայտնաբերվել, հիմա ամբողջությամբ վերացվել են: Բոլոր տեղերում, որտեղ սանիտարահիգիենիկ պայմանների խախտում է նկատում տեսչական մարմինը, կասեցնում է գործունեությունը և տալիս ժամանակ՝ վերացնելու դրանք:

«Թունավորման պահին սննդի օբյեկտներում եղած ամբողջ սննդամթերքը ոչնչացվել է, և ախտահանման աշխատանքներ են իրականացվել, որից հետո միայն թույլ ենք տվել, որ շարունակեն գործունեությունը»,-ասաց Ավետիսյանը:

Ավելի վաղ քաղաքացիների թունավորման դեպքեր էին գրանցվել «Տաշիր Պիցցա» ցանցի մասնաճյուղերում: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել էին շեղումներ, օրինակ՝ մակերեսներից վերցված լվացուկների նմուշներից հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, սննդամթերքի 16 նմուշից մանրէաբանական հետազոտության արդյունքում 3-ում հայտնաբերվել էին ստաֆիլակոկ և սալմոնելա (հավի մսից՝ staphylococcus aureus, «կեսար» աղցանի, սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ՝ salmonella enteritidis): Ավելի ուշ «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված սննդային թունավորման կապակցությամբ փորձաքննության արդյունքում նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել էր սալմոնելա: Սննդային թունավորումների դեպքեր էին գրանցվել «Տաթև» կրթահամալիրի, «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաների մոտ:

Հայերեն

Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը

ԶՊՄԿ-ի աշխատանքի պարապուրդը մտահոգիչ է, քանի որ այն կազդի երկրի տնտեսական ցուցանիշների վրա․ Էկոնոմիկայի նախարար

Էստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտները

Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար

Հայաստանից արտահանվող ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

Խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել ցանկացող շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ կտրամադրվի

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են

Հայաստանից 2024 թվականին արտահանվել է ջերմոցային տնտեսությունների՝ 118,5 մլն դոլարի արտադրանք. Գևորգ Պապոյան