Հասարակական

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը

2 րոպեի ընթերցում

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նախկին Գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Այսպիսով, Աղվան Հոսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

«Որոշումը դեռ չենք ստացել, բայց հենց ստանանք, 15-օրյա ժամկետում կբողոքարկենք Վճռաբեկ դատարանում»,– նշել է Ալեքսանյանը:

Ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության` քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190 միլիոն ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800 միլիոն ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու հոդվածով: Աղվան Հովսեփյանը կալանավորվել էր 2021 թվականի սեպտեմբերի 8-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում