Փաշինյան-Ալիև հանդիպման փաստը ավելի կարևոր է, քան դրա արդյունքը. Ֆյոդոր Լուկյանովը՝ Սոչիի բանակցությունների մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի միջազգայնագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը նոր բան չի ակնկալում Սոչիում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցություններից, քանի որ իր կարծիքով՝ հայ-ադրբեջանական տիրույթում գտնվող խնդիրները, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հեռու են լուծված լինելուց:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Լուկյանովը կարծիք հայտնեց, որ ներկա իրավիճակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը և պատերազմից հետո ընդհատված շփումների վերականգնումը ինքնին ավելի կարևոր է, քան բանակցությունների արդյունքը: Այդ հարցում ռուսաստանցի միջազգայնագետը կարևորում է թե՛ եվրոպական կողմի և թե՛ Ռուսաստանի միջնորդական դերակատարումը:

«Դժվար է ինչ-որ նոր բան ակնկալել, քանի որ իրավիճակը հեռու է կարգավորված լինելուց, և վերջին մեկ տարվա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը հիմնականում մնում է նախագծային վիճակում: Դրան գումարվում են վերջերս տեղի ունեցած սահմանային բախումները, որոնք ցույց տվեցին, թե ինչ աստիճանի երերուն վիճակում է այդ ամենը: Այնպես որ, կարծում եմ, որ այս իրավիճակում խնդիր մեկն է՝ վերականգնել այն շփումները, որոնք ընդհատվել են մեկ տարի առաջ տեղի ունեցած պատերազմից հետո: Առանց այդ կապերի և շփումների վերականգնման հնարավոր չէ առաջ շարժվել: Այդ իսկ պատճառով ակտիվություն են ցուցաբերում թե՛ եվրոպացիները և թե՛, բնականաբար, նաև Ռուսաստանը: Այդ տեսանկյունից հանդիպման փաստն, ըստ իս, ավելի կարևոր կլինի, քան դրա արդյունքը», - «Արմենպրես»-ին հայտնեց Ֆյոդոր Լուկյանովը:

Կրեմլի հաղորդմամբ՝ 2021 թ. նոյեմբերի 26-ին, Ռուսաստանի Դաշնության ղեկավարի նախաձեռնությամբ, Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները՝ նվիրված 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին հայտարարության ստորագրման տարելիցին: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին ընդունված եռակողմ հայտարարությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերին: ՀՀ վարչապետի աշխատակազմը հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Սոչիում կայանալիք հանդիպման մասին, ասել է, որ ուշադրությունն այժմ կենտրոնացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման վրա:

Արամ Սարգսյան

Հայերեն English Русский Türkçe

Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ կարկուտ

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին

Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ

Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին

Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին

Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է

Իսրայելը և Լիբանանը շրջանակային համաձայնագիր են ստորագրել Միացյալ Նահանգների հետ

Սյունիք բնակավայրից Նորաշենիկ տանող ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է