Հասարակական

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր փողոցների փակման ակցիայի 18 մասնակցի 

2 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանի տարբեր փողոցների փակման ակցիայի 18 մասնակցի 

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում տարբեր փողոցներ փակելու ակցիայի 18 մասնակցի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից:

«Նրանք ոստիկանությունում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»,- նշեցին ոստիկանությունից:

Երևանում քաղաքացիների տարբեր խմբեր փակել էին տարբեր փողոցներ: Ակցիայի մասնակիցները մտադիր են ժամը 14:00-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց՝ ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանից պահանջելու բացահայտել, իրենց խոսքով, սեղանին դրված փաստաթուղթը, որ վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատմանն ու սահմանագծմանը:

Փողոցը փակած ակցիայի մասնակիցներից «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ ճանապարհները փակելու են 44 րոպե: Նա նշեց, որ դա միակ ձևն է, որ քաղաքացիների ուշադրությունը հրավիրեն սահմանին տիրող իրավիճակի վրա: Ակցիայի մասնակիցներից մեկն էլ բարձրախոսով հայտարարեց, թե սկսել են ազատագրական շարժում, որը նպատակ ունի կանխել սահմանազատման և սահմանագծման հարցով փաստաթղթի ստորագրումը, որը նրանք համարում են ոչ հայանպաստ ծրագիր, և պատրաստվում են ժամը 17:00-ին հավաքվել Հանրապետության հրապարակում: Ակցիայի մասնակիցը շեշտեց նաև, որ հավաքի նպատակն է իրազեկել երկրում տիրող իրավիճակի մասին: Նրանք կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում