Հասարակական

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին հոբելյանի առիթով

2 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին հոբելյանի առիթով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին ծննդյան 75-ամյակի առիթով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ռուս Ուղղափառ Եկեղեցու գահակալին ուղղված շնորհավորագրում ասված է.

«Ձերդ Սրբություն, Ձեր ողջ կյանքը, Ձեր հովվապետական ծառայությունը ամբողջապես նվիրել եք աշխարհում Քրիստոսի Եկեղեցու դերի ամրապնդմանը, Սուրբ Ավետարանի անանց ճշմարտությունների բարեհաջող վկայությանը և մարդկանց սրտերում հոգևոր ու բարոյական արժեքների անդադարարմատավորմանը՝ արդի մարտահրավերների հաղթահարման և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման գործում հոգևորի առաքելության և կարևորության ամուր գիտակցությամբ: Ձեր հովվական խոսքն ու խրատը մեր օրերում իբրև փարոս է ծառայում կարոտյալների, տկարների և մխիթարություն ու հոգևոր լուսավորություն փնտրող շատերի համար:

Այս նշանակալից օրը գոհունակությամբ ցանկանում ենք հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը մեր Եկեղեցիների միջև սերտ կապերի և գործակցության զարգացման հարցում, ինչն իր հերթին կարևոր ուղերձ է հավատակից մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների համար ողջ աշխարհում: Բարձրորեն գնահատում ենք Ձեր ջերմ վերաբերմունքը Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ, որի դրսևորումն են նաև Ձեր հոգատարությունն և անխոնջ ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, հայոց հոգևոր ժառանգության պահպանման և Դադիվանքի անխաթար գործունեության ապահովման համար»։

Նորին Սրբությունը Կիրիլ Պատրիարքին մաղթել է արևշատ կյանքի երկար տարիներ և Աստծո զորակցությունը հովվապետական ծառայության մեջ՝ հանուն Ռուսաստանի և Ռուս Եկեղեցու պայծառության:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում