Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ. հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ. ՀՀ ՊՆ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ժամը 14։00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։
Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։