Հայաստանը հասարակական հիմունքներով սփյուռքի գործերի հանձնակատարներ կունենա օտարերկրյա պետություններում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտարերկրյա պետություններում նախատեսվում է հասարակական հիմունքներով նշանակել սփյուռքի գործերի հանձնակատարներ՝ խորհրդականի կարգավիճակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ստեղծման հետ: «Սփյուռքի գործերի հանձնակատարները նշանակվելու են ՀՀ վարչապետի որոշմամբ՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի առաջարկությամբ, օտարերկրյա պետություններում խորհրդականի կարգավիճակով, չեն վարձատրվում, չունեն նորմավորված աշխատանքի և աշխատանքային ռեժիմ: Նրանք ՀՀ-սփյուռք փոխգործակցության ուղղություններով տրամադրելու են մասնագիտական խորհրդատվություն և աջակցելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի կողմից սփյուռքի հետ փոխգործակցության բնագավառում իրականացվող աշխատանքներին»,-ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նախատեսվում է ընդլայնել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ցանցային կարողությունները՝ սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի ներդրման միջոցով: Նախագծի ընդունման կապակցությամբ պետբյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա: Սփյուռքի գործերի հանձնակատարները պաշտոնատար անձինք չեն լինի: Նրանք նշանակվելու են տվյալ երկրից, Հայաստանից չեն գործուղվելու, լինելու են անձինք, որոնք ճանաչում են տեղի համայնքին, որոնց ճանաչում է տեղի համայնքը: Որևէ գործառույթ, որը չի մտնում դիվանագիտական տարածք, մտնելու է իրենց պատասխանատվության մեջ:

«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանի կարծիքով՝ եթե անձը չի վարձատրվում, հետևաբար պատասխանատվության տիրույթ և լիազորություններ էլ չի ունենում: Պատգամավորը նկատել է, որ որևէ լիազորություն կարգավորող սահմանում չկա նախագծում: «Ձեր տեսլականն ա՞յն է, որ ունենաք հասարակական հիմունքներով նոր հաստիքի ստեղծմամբ հանձնակատարներ, և դրանով սփյուռքի հետ հարաբերություններն ակտիվանալու՞ են, թեժանալո՞ւ են»,-հարցրեց պատգամավորը:

Սինանյանը չհամաձայնեց պատգամավորի հետ, թե հասարակական սկզբունքներով աշխատանքը նշանակում է անգործություն կամ պատասխանատվության բացակայություն: «Միայն այն փաստը, որ ՀՀ վարչապետն անձամբ նշանակում է, ինքնըստինքյան պատասխանատվության մեծ բաժին է կրում: Արդյոք սա՞ է մեր բոլոր խնդիրների պատասխանը. իհարկե ոչ, սա զուտ մի տարր է, էլեմենտ է, որը ևս ավելանում է մեր կառույցի ենթակառուցվածքին, և որի արդյունքում ակնկալում ենք, որ կտրուկ ձևով բարելավվելու է մեր աշխատանքի որակը և ծավալը համայնքներում»,-ասաց նա:

Հանձնաժողովը կառաջարկի ԱԺ խորհրդին նախագիծը ներառել լիագումար նիստերի օրակարգ: Հանձնաժողովում հավանություն ստացավ նաև առաջարկը, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը 24 ժամվա ընթացքում քննարկվի երկրորդ ընթերցմամբ:

Հայերեն English Русский Türkçe

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա