Հասարակական

Սասուն Խաչատրյանն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտին առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Սասուն Խաչատրյանն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանը շնորհավորել է Սասուն Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ իտալական կողմի համար կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ակտիվ համագործակցային կապերի ձևավորումը: Անդրադառնալով նորաստեղծ կառույցի գործունեության առաջնահերթություններին` կողմերը քննարկել են կոռուպցիոն բնույթի գործերի քննության ոլորտում, հատկապես փողերի լվացման և ապօրինի հարստացման հանցատեսակների դեմ պայքարում իտալական առաջադեմ փորձի ուսումնասիրման անհրաժեշտությունը, ինչպես նաև քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը Իտալիայի իրավապահ մարմինների օրինակով: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Իտալիայի Ֆինանսական գվարդիայի հետ համագործակցության ձևավորման և խորացման նպատակով փոխըմբռնման հուշագրի ստորագրման աշխատանքների իրականացումը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ջերմ ընդունելության համար` համոզմունք հայտնելով, որ առաջիկայում վերապատրաստումների ծրագրերի և փոխադարձ այցերի կազմակերպումը կնպաստի երկու երկրների իրավապահ մարմինների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում