Հասարակական

Սասուն Խաչատրյանը Լին Թրեյսիին ներկայացրել է նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքները

3 րոպեի ընթերցում

Սասուն Խաչատրյանը Լին Թրեյսիին ներկայացրել է նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի, ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի նորանշանակ ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիի, հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի և քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սասուն Խաչատրյանին շնորհավորելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ԱՄՆ դեսպանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարն այն ոլորտն է, որի ուղղությամբ Հայաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը սերտ և շարունակական բնույթ է կրում, և այժմ էլ ԱՄՆ-ն պատրաստակամ է նորաստեղծ կառույցի հետ աշխատանքներ տանել այդ համագործակցությունը խորացնելու նպատակով: Միաժամանակ, դեսպանը կարևորել է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության անկախության և թափանցիկության ապահովումը:

Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքներին և կառույցի առջև ծառացած մարտահրավերներին` Սասուն Խաչատրյանն առանձնացրել է չորս հիմնական բաղադրիչ, որոնց համատեղ առկայության պայմաններում հնարավոր կլինի առարկայական արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում: Ըստ Սասուն Խաչատրյանի` նշված բաղադրիչներն են կամքն, աշխատասիրությունը, մասնագիտական գիտելիքները և նյութատեխնիկական բազան: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ջանքեր ներդնել հատկապես վերջին երկու բաղադրիչների ապահովման ուղղությամբ, որին մեծապես կնպաստի ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը: Խաչատրյանը կարևորել է ԱՄՆ դրական փորձի ներդրումը նաև միջազգային իրավական փոխօգնության ոլորտին առնչվող աշխատանքներում:

Ինչ վերաբերում է քննիչների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ապա ամերիկյան կողմի փոխանցմամբ` այդ ուղղությամբ արդեն նախանշվում են վերապատրաստման և կարողությունների զարգացմանը միտված տարաբնույթ ծրագրեր: Այդ համատեքստում անդրադառնալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես` փողերի լվացման և ապօրինի հարստացման դեպքերի քննությանը` Սասուն Խաչատրյանն ընդգծել է դրանց վերաբերյալ վերապատրաստման դասընթացների շրջանակներում առավել հաջողված կոնկրետ դեպքերի ներկայացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերի գործադրմամբ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում համագործակցության ընդլայնումն ու արդյունավետության բարձրացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում