Հասարակական

Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինները մեկնարկել են նոր ծրագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինները մեկնարկել են նոր ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպառողների պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության Մրցակցության և սպառողների պաշտպանության գրասենյակի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված փորձագետները սեպտեմբերի 29-ին դասընթաց անցկացրեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակիցների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Հանձնաժողովի տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ եռօրյա դասընթացն ուղղված է սպառողների պաշտպանության համակարգի և հանձնաժողովի աշխատակիցների կարողությունների, ռեսուրսների և գիտելիքների կատարելագործմանը: Դասընթացին ներկա են գտնվել նաև Հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանը:

Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհական զարգացման համագործակցության շրջանակում:

Լեհ փորձագետների հաջորդ այցը նախատեսվում է նոյեմբերին և նպատակաուղղված է ՀԿ-ների և համապատասխան կառույցների կազմակերպչական կարողությունների ուժեղացմանը: Փորձի փոխանակման նպատակով նախատեսվում է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների այց Լեհաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող ուսումնասիրություններին:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել կարգեր և ուղեցույցներ հասարակության մոլորեցման և դրա գնահատման, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթության առաջացման և դրա գնահատման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում