Հասարակական

Վահրամ Դումանյանը Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավարին հրավիրել է Հայաստան

3 րոպեի ընթերցում

Վահրամ Դումանյանը Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավարին հրավիրել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակում Փարիզ կատարած այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավար Մարտին Հիրսչի հետ:

«Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Նախարարը նշել է, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության հիմքով Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր՝ վերջին 30 տարիների ընթացքում, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորվել են միջպետական մակարդակի առանձնահատուկ հարաբերություններ: Նա խորին շնորհակալություն է հայտնել նաև պատերազմի օրերին Ֆրանսիայի ցուցաբերած բժշկական աջակցության համար՝ ուղղված հայ զինվորներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ֆրանսիայի կողմից ցուցաբերվող աջակցության շրջանակում մեծապես կարևորվել է Հայաստանում վերականգնողական բժշկության զարգացումը, որի արդյունքում հնարավոր կլինի նաև վերափոխել կրթահետազոտական ծրագրերը և ստեղծել հիմնարար պայմաններ Հայաստանում զարգացնելու բժշկական կրթությունը և հետազոտությունը՝ բարձրացնելով այն որակական նոր մակարդակի:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի հետ համագործակցության շրջանակում հնարավոր կլինի նաև կատարելագործել բժիշկների շարունակական վերապատրաստման գործընթացները, ինչի արդյունքում կստեղծվի լիարժեք և ժամանակի հետ համընթաց բժիշկ մասնագետների կարողություն:

Վահրամ Դումանյանը նշել է, որ Երևանում հոկտեմբերի 13-ից 15-ը կայանալու է ֆորում Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորների խնամքի ուղղությամբ, որին ակնկալվում է 150-ից ավելի անձանց մասնակցություն, այդ թվում՝ Ֆրանսիայից: Ֆորումին ներկայացվելու են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության մեկ տարվա արդյունքները, որոնք կներառվեն նաև կրթահետազոտական ծրագրերի վերանայման գործընթացներում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարը կենտրոնի ղեկավարին հրավիրել է Հայաստան՝ այցելելու Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան ու համալսարանական հիվանդանոցներ: Մարտին Հիրսչի այցի ընթացքում լավագույնս կներկայացվի Հայաստանի բժշկական կրթության ողջ ներուժը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում