Հասարակական

ԵԽԽՎ բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ ՄԻՊ-ի առաջարկը

2 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ ՄԻՊ-ի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն ակտիվորեն տարածվում է նաև միջազգային հանրությունում։ Այս առաջարկը ներկայացվել էր ԵԽԽՎ հատուկ զեկուցողին՝ փաստերի հիմնավորումով: Մասնավորապես, երեկ Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը, որտեղ, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարաբնույթ հանդիպումներն ու քննարկումները միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նպատակ են ունեցել ապացուցել, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները կանխելու միակ արդյունավետ տարբերակն անվտանգության (ապառազմականացված) գոտի ստեղծելն է. պատերազմից հետո ՀՀ գյուղերի հարևանության և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները, զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն և ստեղծվի անվտանգության (ապառազմականացված) գոտի:

Ավելին, Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան ու դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:

Ավարտին են մոտենում անվտանգության գոտու հայեցակարգի աշխատանքները, որտեղ ծավալուն վերլուծությամբ, այդ թվում՝ քարտեզի միջոցով, ցույց ենք տվել դրա անհրաժեշտությունը մարդկանց իրավունքների պաշտպանության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում