Իրավունք

ՀՀ փաստաբանների պալատը նոր նախագահ ունի

3 րոպեի ընթերցում

ՀՀ փաստաբանների պալատը նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաստաբանների պալատից հայտնում են, որ ընտրությունը կայացել է 2021 թվականի սեպտեմբերի 12-ին։

«Քվեարկությանը մասնակցել է 1111 փաստաբան: Արդյունքներով Սիմոն Բաբայանի օգտին քվեարկել է 937 փաստաբան, իսկ Գևորգ Գյոզալյանի օգտին՝ 144 փաստաբան: 30 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ՝ Սիմոն Ալբերտի Բաբայանը չորս տարի ժամկետով համարվել է ընտրված ՀՀ փաստաբանների պալատինախագահի պաշտոնում՝ 1111 փաստաբանի 937 կողմ ձայնով (84,3%)»,- նշում են Փաստաբանների պալատից:

ՀՀ փաստաբանների պալատի նոր նախագահի լիազորությունները սկսվելու են 2021 թվականի հոկտեմբերի 5-ից:

Ներկա պահին Փաստաբանների պալատի նախագահն է Արա Զոհրաբյանը, ում լիազորությունները կդադարեցվեն հոկտեմբերի 5-ից։

Մինչ ընտրությունները ՀՀ փաստաբանների պալատը 08․09․2021 թ․ կազմակերպել էր բանավեճ, որին մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներ Սիմոն Բաբայանը և Գևորգ Գյոզալյանը: Փաստաբանների պալատի նախագահի երրորդ թեկնածու Թամարա Պողոսյանը դուրս էր եկել ընտրապայքարից ինքնաբացարկի դիմումի համաձայն: Բանավեճը վարում էր ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Պալատի նախագահը Պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է, ընտրվում է առնվազն տասը տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից փակ գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով: Պալատի նախագահը ներկայացնում է Պալատը, ընդունում է որոշումներ Պալատի գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ, նախագահում է Պալատի ընդհանուր ժողովի և խորհրդի նիստերը, անդամագրված փաստաբանին հնգօրյա ժամկետում տալիս է Պալատի կնիքով և ստորագրությամբ արտոնագիր և վկայական, ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում: Պալատի նախագահը գումարում է խորհրդի նիստեր և ընդհանուր ժողով, որոշում և/կամ հաստատում է դրանց օրակարգերը, ինչպես նաև կարող է հասարակական հիմունքներով Պալատի անդամների կազմից ձևավորել խորհրդատվական և այլ հանձնաժողովներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում