ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արման Եղոյանի նախագահությամբ օգոստոսի 27-ին կայացել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովից:
Նիստի սկզբում հանձնաժողովը հաստատել է իր գործունեության աշխատակարգը, որից հետո քննարկել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Արման Եղոյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Մերի Գալստյանի թեկնածությունը:
Շնորհակալություն հայտնելով իր թեկնածության առաջադրման համար՝ Մերի Գալստյանը հույս է հայտնել, որ թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հետ կկարողանան արդյունավետ աշխատել հանձնաժողովի օրակարգի խնդիրների սպասարկման շուրջ:
Քվեարկության արդյունքում Մերի Գալստյանն ընտրվել է հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: