Վարչապետի պնդմամբ` Ադրբեջանի կողմից ճանապարհի փակումը խաղաղության օրակարգին հարվածելու նպատակ ունի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակումը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին (Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր:Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով-խմբ.):

Վարչապետը հույս ունի, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի:

«Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները պետք է, իհարկե, զգոն լինեն և ուշադիր, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք և մենք մեր ռազմավարական գիծը` խաղաղության օրակարգը պետք է զարգացնենք և առաջ տանենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի` Կառավարության համար Սյունիքի ճանապարհների հետ կապված ստեղծված իրավիճակն անկանխատեսելի չէր. այս ընթացքում աշխատել են նոր ենթակառուցվածքների ձևավորելու ուղղությամբ ու շարունակելու են աշխատել, սակայն ճանապարհի բացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ:

Վարչապետի խոսքով` ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող:

«Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ, նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի: Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ»,- հավելեց Փաշինյանը:

Վարչապետը հրավիրեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուշադրությունը Սյունիքի մարզում միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման և հիմնանորոգման ծրագրերի իրականացման վրա:

«Մինչև տարեվերջ Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պետք է ավարտվի, նախանշված մյուս հատվածների ճանապարհաշինական ծրագրերը նույնպես պետք է ավարտենք, համայնքների անխափան կապը մարզկենտրոնի` միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար»,- եզրափակեց Փաշինյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը 2020 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Սյունքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքերը Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:

Հայերեն العربية English Русский Türkçe

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը