ՄԻՊ-ը Սյունիքում ադրբեջանցի զինծառայողների կողմից ճանապարհը փակելու միջադեպով հաղորդումներ կուղարկի միջազգային մարմիններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանն ադրբեջանցի զինծառայողների կողմից Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհի մի հատվածը փակելը համարում է նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արման Թաթոյանը հայտնել է, որ միջադեպի հետ կապված հաղորդագրություններ կուղարկի համապատասխան միջազգային մարմիններին։

«Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը:

Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:

Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ:

Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները, ՀՀ սահմանապահները նույնպես տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ, և քաղաքացիական մեքենաները դուրս են բերվել:

Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտյան են շարունակվելու. հրաժարվել են բացել:

Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թաթոյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ ԱԱԾ-ն հայտնել է, որ նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Հայերեն English Русский