Ճապոնիայի հետ համագործակցության հեռանկարներ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը 3 երկրներում՝ Հայաստան, Պակիստան և Շրի Լանկա, իրականացրել է ուսումնասիրություն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում՝ պարզելու տվյալ երկրներում ոլորտի առկա վիճակն ու զարգացման հեռանկարները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ուսումնասիրության արդյունքում, յուրաքանչյուր երկրի համար, այդ թվում՝ նաև Հայաստանի, պատրաստվել է տեսանյութ, որտեղ Հայաստանը ներկայացվում է որպես առաջատար ՏՀՏ երկիր, որն ունի գիտահետազոտական և մարդկային ստեղծարար մեծ ներուժ։
Տեսանյութում նաև խոսվում է Խորհրդային Միությունից մինչ այսօր ոլորտում գրանցած հաջողությունների մասին, ներկայացվում է հայկական տեխնոլոգիական ընկերությունների հաջողության պատմությունները։
Տեսանյութը նպատակ ունի ճապոնական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարներ ուրվագծելու համար։
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) պետական կառույց է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներում տնտեսական ու սոցիալական աճին, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը՝ կիսվելով գիտելիքներով ու փորձառությամբ: