ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շեշտում է՝ խաղաղությունն անհրաժեշտություն է, և անպայման հասնելու են ներքին խաղաղության:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածության քննարկմանը:
«Պատերազմը եղել է գործող քաղաքական իշխանության գործունեության պայմաններում: Անպայման քննիչ հանձնաժողովում և այլ տեղերում մենք պետք է քննենք, թե որոնք են պատերազմի պատճառները և այն խնդիրները, որ առաջացել են պատերազմի ժամանակ և հետո»,- ասաց Օհանյանը:
Նա հավելեց՝ պատերազմից հետո դժվարին պայմաններ են, և հարցադրումները պետք է լինեն ընդդիմության կողմից: Օհանյանը մեղադրեց իշխանությանը բոլոր ոլորտներում արդյունավետությունն իջեցնելու համար:
Սակայն նա նշեց. «Խաղաղությունն անհրաժեշտություն է: Եթե խոսում ենք ներքին խաղաղության մասին, մենք անպայմանհասնելու ենք ներքին խաղաղության՝ ուզեք, թե չուզեք: Միասնությունն է, որ հիմք է հանդիսանում առաջընթացի, սակայն այդ միասնության գաղափարն էլ ներքին երկփեղկվածության պատճառով մեզ մոտ խարխլվել է»:
Նա հավելեց՝ որքան էլ խոսք գնա Ադրբեջանի հետ խաղաղության մասին, այն պայմաններում, երբ հակառակորդը Հայաստանի սահմաններից ներս է գտնվում, միևնույն է, իրական խաղաղություն չի լինելու: «Պետք է մտածենք՝ ինչպես գնալ այդ խաղաղությանը, որոնք են դրա հիմքերը»,- ասաց Օհանյանը: