ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դրական է համարում Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանակումը:
«Իրականում՝ արտաքին գործերի նախարարությունում կարիք կա քաղաքական նշանակման և որոշակի կապ ստեղծելու դիվանագիտական կորպուսի և քաղաքական ղեկավարության միջև տարաձայնությունները, որոնք եղել են, որոշ ծավալով վերացնելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ավինյանը:
Լրագրողների հարցադրմանը, թե արդյոք առաջիկայում ձևավորվելիք կառավարությունում արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու է հենց Գրիգորյանը՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանեց, որ ժամանակի ընթացքում բոլոր հարցերի պատասխանները պարզ կլինեն:
Նա չպատասխանեց հարցին, թե ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի համար՝ ասելով միայն, որ այս պահին քննարկումներ են ընթանում: