Հասարակական

Ադրբեջանցի զինվորականների ներկայությունը սահմանին ինքնին բնակիչների կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ 

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի զինվորականների ներկայությունը սահմանին ինքնին բնակիչների կյանքի իրավունքի խախտում է. ՄԻՊ 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից հավաքված փաստերը և վերլուծությունները ապացուցում են, որ Ադրբեջանի զինված ուժերի զինվորականների ներկայությունը Սյունիքի և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում Եվրոպական կոնվենցիայի համաձայն սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքի իրավունքի խախտում է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մարդու իրավունքների պաշտպանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գոյություն ունի նախադեպային պրակտիկա, և կարելի է դա հիմնավորել, որ նրանց ներկայությունը ինքնին կյանքի իրավունքի խախտում է։

«Այստեղ բաղադրիչները կարող են լինել տարբեր՝ Ադրբեջանի կողմից ատելության և թշնամանքի քարոզը, այն պատերազմական հանցագործությունները, որոնք ընդամենը ամիսներ առաջ կատարվել են, խոշտանգումները և այլն։ Հաշվի առնելով, որ զինվորականները ադրբեջանական իշխանությունների և, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղիղ ենթակայության ներքո են, հետևաբար նրանք այդ քաղաքականությունն իրականացնելու են։ Առավել ևս նրանց կողմից կազմակերպվում են ժամանակ առ ժամանակ կրակոցներ»,- ասաց Թաթոյանը։

ՄԻՊ-ը նաև կարևորեց, անձնականազատությանևանձեռնմխելիությանիրավունքը, որը նույնպես Ադրբեջանի կողմից խախտվել է։

Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է նաև բնակիչների սեփականության իրավունքը։

«Խոսքը վերաբերում է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ամբողջ սահմանային հատվածին։ Խոսքը թե արոտավայրերից օգտվելու, թե սեփականության իրավունքով հողեր օգտագործելու, վարելահողերից օգտվելու, տները օգտագործելու մասին է»,- նշեց Թաթոյանը։

Ադրբեջանը նաև խախտում է ազատ տեղաշարժի իրավունքը։ Ըստ Թաթոյանի՝ դա նույնպես կարևոր է, որովհետև ադրբեջանական զինվորականների ներկայությունը Հայաստանի ճանապարհներին, Սյունիքի համայնքները իրար միջև կապող ճանապարհներին սահմանափակում է բնակիչների ազատ տեղաշարժը։

«Բնակիչները խուսափում են երեկոյան ժամերին, օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկելուց, բայց առավել խուսափում են Կապանից մինչև Ճակատեն և մյուս գյուղերը երթևեկելուց։ Խոսքը նաև նրանց դրոշների և ցուցանակների մասին է, որովհետև նրանք օգտագործում են այդ դրոշները և ցուցանակները ակնհայտորեն հոգեբանորեն ազդելու և ահաբեկելու նպատակով»,- եզրափակեց Թաթոյանը։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում