Սպորտ

Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին

2 րոպեի ընթերցում

Կարեն Գիլոյանն ընդունել է բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գարնանը Երևանում անցկացված բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ Համահայկական կամավորական միության շուրջ 15 անդամ պարգևատրվել է հավաստագրով նշյալ մարզական միջոցառման կամավորական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:

Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել նրանց մասնակցության և ներդրում ունենալու համար՝ կարևորելով կամավորության դերը մեծ սպորտում:

«Աշխարհում որևէ լուրջ մրցաշար, մրցում չեն կարող անցկացվել առանց կամավորների: Կամավորները, որպես կանոն, ավելի շուտ են գալիս մրցավայր, քան մարզիկները և մարզիչները, և ավելի ուշ են գնում: Մոտ ապագայում շատ հնարավորություններ կունենաք լինելու հայկական սպորտի կողքին: Եթե լուրջ հաջողություններ արձանագրենք, վստա՛հ եղեք, որ դրանցում դուք ձեր ներդրումն ունեք»,-նշել է նա:

Փոխնախարարը հիշեցրել է, որ հուլիսի 13-18-ը Երևանում կայանալու է բասկետբոլի կանանց (մինչև 20 տարեկան) Եվրոպայի առաջնության խմբերից մեկի մրցաշարը, և հորդորել է ներգրավվել նաև այդ աշխատանքներում՝ «լինել մեզ հետ՝ սպորտի կողքին»:

Ինչպես կամավորներն են ներկայացրել, այդ մրցաշարում իրենց աշխատանքները կատարել են՝ սկսած օդանավակայանից՝ ուղեկցելով օտարերկրյա բասկետբոլիստներին: Աջակցել են թարգմանության, տրանսպորտի ապահովման, դահլիճում սպասարկման և այլ գործերում:

«Այս ընթացքում բացահայտեցի, որ սիրում եմ բասկետբոլը և անպայման ուզում եմ զբաղվել այդ մարզաձևով»,- ասել է պատանի կամավոր Նիկան, իսկ Նարեկը հավելել է, որ դա իր համար լավ փորձ էր՝ լեզուները գործնականում կիրառելու և զարգացնելու առումով:

Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանն էլ վստահեցրել է, որ համատեղ աշխատանքը որևէ խնդիր չի առաջացրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում