Փաշինյանը երկխոսության կոչ արեց քաղաքական ուժերին և հոգևոր առաջնորդներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի առավոտից պատրաստվում է խորհրդակցություններ սկսել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի հետ, նաև՝ երկխոսության կոչ է անում հոգևոր առաջնորդներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:

«Վաղը առավոտից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն: Եվ ես նաև հույս ունեմ, որ ժողովուրդն այս մանդատը տալիս է ինձ, որովհետև, մենք պիտի մեր երկրի և ժողովրդի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես, հանրային և քաղաքական լավագույն ներուժի համախմբմանը և մեր ժողովրդի, Հայաստանի և Արցախի անվտանգությանը և բարեկեցությանը ծառայեցնելու»,-ասաց Փաշինյանը:

Նա նման երկխոսության կոչ արեց նաև բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ այս ընթացքում իրենք բանավեճ և հակադրություն է ունեցել: «Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ սակայն դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ իրենց քաղաքական ուժի ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը և ՀՀ-ում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա:

«Ես հոգևոր և կազմակերպչական երկխոսության կոչ եմ անում նաև մեր երկրի հոգևոր առաջնորդներին, որովհետև հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, խորհրդարանական ընտրություններում, ես դեռ Արարատի մարզում քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ էի ասել, «ձայն բազմաց, ձայն Աստծո»: Եվ Աստծո ձայնին առավել ևս որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի: Եվ մենք պետք է նորոգենք մեր երկրի հոգևոր կյանքը նույնպես, որովհետև մեր երազանքները կյանքի կոչելու համար, ըստ տեսության, մեզ ընդամենը մի բան չի հերիքել՝ մանանեխի հատիկի չափ հավատ:Եվ մենք մեր սրտում, գիտակցության մեջ պետք է ստեղծենք այդ հավատը: Եվ, երբ ունենանք այդ հավատը, մենք սարեր շուռ կտանք միասին»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ ժամանակ կունենանք ազատ և երջանիկ երկիր, ազատ և երջանիկ հայրենիք:

Հայերեն Русский

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս

Կանանց լիարժեք մասնակցությունը դիվանագիտությանն ու հանրային կառավարմանը վաղուց արդեն միայն հավասարության խնդիր չէ. ՀՀ ԱԳ փոխնախարար