Քաղաքական ուժերը շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերն արդեն շնորհավորում են հաղթած ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Հանրապետություն» կուսակցությունը նախ իր խորին շնորհակալությունն է հայտնում նրանց, ովքեր վստահել և քվե են տվել հենց իրենց:

«Մենք գնահատում ենք ձեր վստահությունը և պարտավորվածություն զգում ձեր առաջ։ «Հանրապետությունը» շնորհավորում է հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան` Հայաստանի Հանրապետության համար այս վճռորոշ և դժվարին ժամանակներում։ Ցանկանում ենք, որ խորհրդարան անցած բոլոր ուժերն աշխատեն ի շահ մեր երկրի և պետականության ու հարգում ենք նրանց քվեարկողների ցանկությունը: Մենք մեր երկրի քաղաքացիների մեջ տարբերություն չենք դնում։ Հանրապետություն կուսակցությունը խոստանում է իր ընտրողին, որ այսուհետ նույնպես, նույն եռանդով շարունակելու է տարածել իր մոտեցումները` փորձելով բալանսավորել ՀՀ արտաքին քաղաքականությունը, առաջարկելով տնտեսության ուժեղացման լուծումներ և ներդրումային ծրագրեր։ Մենք խաղաղություն և բարեկեցություն ենք մաղթում մեր ժողովրդին ու բեղմնավոր աշխատանք ցանկանում ութերորդ գումարման Ազգային ժողովին»,-ասված է Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունում:

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքից Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանում անցկացվեց ժողովրդավարական ընտրություն, որտեղ ապահովվեց քվեարկության ազատությունը: Ուստի հետընտրական զարգացումներով արդյունքի վերանայման որևէ փորձ, ըստ Արման Բաբաջանյանի, կլինի ոտնձգություն Հայաստանի կայունության, պետական վերականգնման հրամայականի, հասարակական համերաշխության դեմ, այլ կերպ ասած՝ կլինի ներքին գրոհ Հայաստանի դեմ: «Անվիճելի հաղթանակի և համազգային արհարվիրքից հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնելու համար շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր գործընկերներիս»,-նշել է Արման Բաբաջանյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին համատեղ անցած ճանապարհի համար:

Ընտրություններին մասնակցած մեկ այլ ուժի՝ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանն էլ տարածած հայտարարության մեջ նշում է, որ յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի հետ:

«Արձանագրված արդյունքն անձամբ ինձ համար առանցքային ուղերձ է՝ իմաստավորելու քաղաքական գործունեության ընթացքում մարդկային հարաբերությունների էությունը, իսկ քաղաքական դաշտում՝ «Խաղի կանոնների» բնույթը: «Արդար Հայաստան» կուսակցությունն ընդամենը 4 ամսվա կյանք ունի, իսկ արձանագրված շուրջ 4000 ձայնը գալիս է վկայելու, որ դեռևս շատ անելիքներ ունենք՝ մեր ժողովրդի վստահությունը ձեռք բերելու և քաղաքական դաշտում լուրջ ազդեցություն ունենալու համար: Անհատապես հայտնում եմ երախտագիտությունս «Արդար Հայաստան» կուսակցությանն ընտրած մեր բոլոր քաղաքացիներին: Մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզնից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ՝ վճռականորեն առաջ շարժվելու մտադրությամբ»,-նշել է նա:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին