Ազգային-ժողովրդավարական բևեռի թեկնածուն քվեարկեց հանուն ինքնիշխան Հայաստանի
1 րոպեի ընթերցում
![Ազգային-ժողովրդավարական բևեռի թեկնածուն քվեարկեց հանուն ինքնիշխան Հայաստանի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1055980.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային-ժողովրդավարական բևեռ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Վահե Գասպարյանը կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում քվեարկելով հանուն ինքնիշխան Հայաստանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա քվեարկել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հենակետային վարժարանում տեղակայված 4/36 ընտրատեղամասում:
«[Քվեարկել եմ] հանուն ինքնիշխան Հայաստանի, այն Հայաստանի, որի մասին երազել են Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը, Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Ռոբերտ Աբաջյանը և մեր վերջին պատերազմի հազարավոր տղաները», - ասել է ԱԺԲ-ի վարչապետի թեկնածուն:
Վահե Գասպարյանի խոսքով՝ խորհրդարան անցնելուց հետո Ազգային-ժողովրդավարական բևեռի առաջնային քայլերը լինելու են անցումային շրջանի պահանջներին համապատասխան անցումային, հակաճգնաժամային կառավարության ձևավորումը և անցումային փուլի բոլոր անհրաժեշտ կետերի կյանքի կոչումը:
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։