ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021թ. ամառային զորակոչի ընթացքում զորամասերի զինվորական նվագախմբերի, ինչպես նաև զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով հայտարարում է մասնագիտական լսումներ և դիտումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝
այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հայտարարության մեջ նշված է.
«1․ ՀՀ զինված ուժերում երաժիշտ մասնագետների լսումներին հրավիրվում են մասնակցելու ֆլեյտա, կլարնետ, հոբոյ, ֆագոտ, սաքսոֆոն, գալարափող, շեփոր, ալտ, տենոր, տրոմբոն, տուբա, բաս կիթառ և փոքր թմբուկ երաժշտական գործիքների տիրապետող զորակոչիկները։ Զորակոչիկների լսումներն անցկացվելու են ՊՆ զորամասերից մեկի՝ ԶՈՒ ԳՇ զինվորական նվագախմբի փորձասրահում հետևյալ ժամանակացույցով․
ա) ս.թ. հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 և 2 տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ,
բ) ս.թ. հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 3 և 4 տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ,
գ) ս.թ. հուլիսի 14-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ,
դ) ս.թ. հուլիսի 15-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի թիվ 1 և 2 տարածքային ստորաբաժանումների մասնագետ զորակոչիկների հետ։
2․ ՀՀ զինված ուժերի երգի և պարի համույթի պարային խմբի համալրման նպատակով զորակոչիկների դիտումներն անցկացվելու են «Սարդարապատ» պարի անսամբլի փորձասրահում (ք. Երևան, Քաջազնունի 1 հասցեում) ս.թ. հուլիսի 16-ին` ժամը 11:00-ին` ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումների պարարվեստի մասնագետ նորակոչիկների հետ։
Հավելյալ հարցերի դեպքում դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում»։